Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը: Արվեստագետ, որի մահը ցավալի կորուստ է թատերական աշխարհի համար:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 14. Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը:

Հրաչյա Աշուղյանը դերասան Գևորգ Աշուղյանի որդին է: Հանդիսատեսի հիշողության մեջ տպավորված կմնան նրա բազմաթիվ բեմադրություններ՝ Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոնում), Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» և այլն:

Բեմադրել է նաև զանգվածային թատերականացված հանդիսություններ՝ «Էրեբունի-Երևան» (1983-1991), «Գլաձորի 1700-ամյակը»: I-III համահայկական խաղերի գեղարվեստական ղեկավարն է եղել:

Աշուղյանը ծնվել է 1938 թ. հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, գլխավոր ռեժիսոր:

Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:

1985 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի, 2001 թ.՝ «Մովսես Խորենացի» մեդալի, Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալի: Հրաչյա Աշուղյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, իսկ 2006-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

ArmeniaON-ը ևս ցավակցում է արվեստագետի ընտանիքին, ազգականներին և ուսանողներին: