Այս հարցազրույցը գրող, մասնագիտությամբ՝ հոգեբույժ Վարդգես Դավթյանի հետ, ծնվեց ինքնաբուխ: Երբ մանրամասն կարդացի նրա գրքերը, այնուհետև գրականագիտական հոդված հրապարակեցի «Ազգ» օրաթերթում, որոշեցի նաև զրուցել իր հետ: 

ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

ArmeniaON, մայիսի 16. Ներկայացնում եմ այն, որն ավելի շատ է բացահայտում նրան՝ գրողին, մարդուն և բժշկին…

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր գրականությունը:

– Եթե նկատի ունեք գրելու դրդապատճառը, ապա Նիցշեից լավ ոչ ոք չի արտահայտվել` գրում եմ, որ չխելագարվեմ: Այստեղից էլ իմ պատմվածքների բնութագիրը` հոգեբանական իրատեսություն, իսկ ավելի ստույգ՝ հոգեբուժիչ ռեալիզմ: Իմ ներկայացրած կերպարները անցնում են ծայրահեղ իրավիճակների բովով, բայց ես միշտ ցանկանում եմ, որ նրանք այդ իրավիճակներից դուրս գան հոգեպես ուժեղ և ավելի բարի:

Ընդ որում, այդ ծայրահեղ իրավիճակները կարող են թվալ արտաքուստ փոքր, նույնիսկ կենցաղային կամ աննշան, բայց չէ՞ որ մեր կյանքը կազմված է դրանց շղթայից: Հաճախ փոքր դիպվածներն անգամ կարող են մարդուն բեկել, թուլացնել, նույնիսկ դիմազրկել:

Անհատը պիտի կարողանա պահպանել իր Ես-ը և հաղթող դուրս գա ամեն իրավիճակից: Ես սիրում եմ զգացմունքայնությունը գրականության մեջ, բայց չեմ հասկանում սենտիմենտալիզմը: Ինչպես կարելի է գրել «Պատանի Վերթերի տառապանքները»՝ հստակ պատկերացնելով, որ քո գրածը կարդալով՝ զգայուն հոգիները կարող են տառապել այնքան , որ ինքնասպան լինեն: Ջեկ Լոնդոնն իր վեպի մասին ասում էր. «Կամ ես պիտի ինքնասպան լինեի, կամ Մարտին Իդենը»: Ինձ համար հավասարապես անընդունելի է նաև, այսպես կոչված, «անողոք ռեալիզմը»:

Գեղարվեստական փաստը տարբերվում է կենսական իրողությունից առաջին հերթին հենց հոգեբուժիչ ներգործությամբ:

 -Եթե մնայիք Հայաստանում, գեղարվեստական գրականություն կստեղծեի՞ք:

-Շատ ծանր հարց եք տալիս: Վտարանդիությունը մարդուն ստիպում է աշխարհին այլ հայացքով դիտել. ոչ միայն արտաքին երևույթներին, այլ նաև սեփական անձին և ներաշխարհին: Ընդլայնել իմացության և զգացմունքայնության սահմանները : Դա հաճելի գործընթաց չէ : Սակայն երևի պարտադիր պայման է գեղարվեստական տեքստեր գրելու համար: Հայաստանում ժամանակի գործոնը խնդիր չէր: Իսկ կյանքը մի անհայտով հավասարում էր:

Ամերիկյան կյանքը չափազանց խիտ է թե՛ ժամանակի և թե՛ տարածության առումներով: Սկզբում հոգեբուժության թեմաներով գրքույկներ գրեցի, հրատարակեցի, սակայն դրանք ինձ անձնապես չէին բավարարում (չնայած ունեցան ընթերցողների լայն շրջանակ): Չէին արտահայտում հոգեբանական այն խմորումները, այն մեծ տեղաշարժերը, որ կատարվել էին իմ ներսում Հայաստանից հեռանալուց ի վեր: Ինձ ավելին էր պետք…

 – Մեր իրականության մեջ Դուք առաջինն եք, որ իբրև բժիշկ՝ հանդես եկաք նաև գրականագիտական փորձով: Ինչպե՞ս դա հաջողվեց:

– Եթե նկատի ունեք բժշկի իմ մասնագիտությունը, ապա առաջինը չեմ: Առաջինը դոկտոր Գևորգ Ախվերդյանն է, որը ապրել է 200 տարի առաջ: Այս երևելի հայ բժիշկը նաև բանասեր է եղել, բարբառագետ, հասարակական գործիչ: Սայաթ Նովայի մասին առաջին բանասիրական ուսումնասիրության հեղինակն է, սայաթնովագիտության սկզբնավորողը:

– Ես նկատի ունեի գրական կերպարի հոգու ներաշխարհի ուսումնասիրությունը, որը երևաց Ձեր «Ինչու խելագարվեց Անուշը» արժեքավոր աշխատասիրության մեջ…

– Ինչ վերաբերում է իմ գրականագիտական հետաքրքրություններին, դրանք էլ ծնվեցին մասնագիտական պոզիտիվ որոնումներիս արդյունքում: Դեռ ուսանողական տարիներին կարդալով տաղանդավոր գործարար և հնագետ Հայնրիխ Շլիմանի մասին, զարմացած էի, թե ինչպես է հնարավոր Հոմերոսի «Իլիականը» կարդալով` գնալ և ճիշտ տեղում փորել հանել Տրոյան:

Ֆանտաստիկային համազոր պատմություն: Ապշած էի նաև, թե ինչպես է հնարավոր նույն Հոմերոսին կարդալով` արդեն 20-րդ դարի սկզբին գլխի ընկնել մի ծանր հոգեկան հիվանդության բուժման մասին, որի անունն էր նեյրոսիֆիլիս, իսկ ավելի ստույգ՝ պրոգրեսիվ պարալիզ: Երբեք չէի մտածել, որ գեղարվեստական գրականությունը գեղագիտական իմաստներից բացի՝ կարող է ունենալ նաև գիտական-էվրիստիկական (հայտնագործչական) նշանակություն այնպիսի բնագավառներում, որոնք արտաքուստ կապ չունեն գեղարվեստական գրականության հետ: Եվ ահա, ընտրեցի մեր ամենախոշոր դասականներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը՝ նպատակ ունենալով բացահայտել հայ ինքնության հոգեբանական խորքային շերտերը, բնութագրերը:

Ճակատագիրը կամեցավ, որ հանդիպեմ և արժեքավոր նյութեր ու խորհուրդներ ստանամ իրազեկ մասնագետներից, պայծառ մարդկանցից՝ բանաստեղծի դուստր Թամար Թումանյան, արվեստաբան Լևոն Հախվերդյան, թումանյանագետ Էդվարդ Ջրբաշյան, գրականագետ Սերգեյ Սարինյան: Վերջինս ինձ խորհուրդ տվեց իմ ուսումնասիրություններն իբրև գիտական թեզ ներկայացնել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդում, որի համար բժիշկ-հոգեբույժին շնորհեցին բանասիրության գծով գիտական աստիճան : Դա, փաստորեն, մեզանում գրականագիտության հոգեբանական ուղղությանը վերաբերող առաջին փորձն էր: Այդ բնագավառում իմ ուսումնասիրությունները շարունակվում են:

– Դուք ճանաչո՞ւմ եք Ձեր ընթերցողին:

– Հիմա՝ արդեն այո… Նախկինում ես արձագանքներ էի ստանում հիմնականում 50-նն անց ընթերցողներից, իսկ այժմ՝ հավասարապես նաև 25-30 տարեկան երիտասարդ ընթերցողներից: Ի՛նչ մեղքս թաքցնեմ, ես մի քիչ ընթերցողահաճո հեղինակ եմ. ամեն կերպ ջանում եմ, որ նա սիրի իմ գիրը, ծիծաղի և արտասվի գրական հերոսներիս հետ: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է հենց այնպես գրել: Միշտ զարմացել եմ օրագիր պահողների վրա: Ընդհակառակը, ես միշտ վիրտուալ զրույցի մեջ եմ ընթերցողի հետ:

Ավելին, իմ ընտրած ժանրը (ճեպանովելներ) ևս պայմանավորված է ընթերցողի պահանջով: Այսօր երկարաշունչ տեքստեր չեն կարդում:

Տեսեք, Չեխովը Ամերիկայում համարվում է ամենաընդունելի դասականներից մեկը (ինչպես որ Մոցարտը դասական երաժշտարվեստում), բայց արի ու տես, որ հիմա Չեխովի արձակն էլ են համարում երկարաբանված. այն Չեխովը, որի պատմվածքները կարծես «վեպերի սեղմագրեր» լինեն :

Ժամանակակից հեղինակը չի կարող հաշվի չնստել ընթերցողի պահանջների հետ: Իմ ճեպանովելները ( ի դեպ, այս եզրն էլ է իմ հորինածը ) 1-1,5 էջ ծավալ են զբաղեցնում: Բայց խնդիրն էլ հենց այդ է, որ այդ փոքր ծավալում հեղինակը պարտավորվի պահպանել դասական ժանրի կանոնները (կերպար, սյուժե, պատկեր, շարժում, անսպասելի ավարտ): Եթե ընթերցողին չճանաչես (կամ չհարգես), չես կարող նրան տանել քո հետևից:

– Գրող-ընթերցող-գրաքննադատ եռանկյունում Դուք որտեղ ե՞ք ամենաշատը:

– Բոլոր կողմերում… Իսկ երբեմն էլ՝ միաժամանակ: Ես ինձ համարում եմ, առաջին հերթին, որակյալ ընթերցող:

Մեր ականավոր արձակագիրներից մեկը՝ Զորայր Խալափյանը, օրինակ, նույն գիրքն ընթերցում էր «եռաֆազ հայացքով»: Դոստոևսկու վեպը ընթերցում էր թե՛ որպես գեղարվեստական գրականություն, թե՛ որպես հոգեբանական և հոգեբուժական ձեռնարկ՝ օգտագործելով մասնագիտական գրքեր, բառարաններ և թե՛ իբրև Նոր կտակարանի բաղկացուցիչ մաս: Այ թե «պրոֆեսիոնալ գրողն» ինչպես պիտի վարվի: Ձեր նշած եռանկյունին ինձ համար ավելին է. բազմանկյուն է՝ այլ կողմեր էլ ունի: Կրկին դառնալով Չեխովին. նա և՛ գրող էր, և՛ բժիշկ, և՛ հիվանդ, միաժամանակ:

Իմ «բազմանկյան» կողմերից մեկն էլ նևրոտիկ հանրությունն է՝ դյուրաբեկ, հուզաշաղ հոգու տեր մարդիկ, որոնց հետ պիտի շատ զգույշ լինես պատկերներ կամ գեղարվեստական-հոգեբանական լուծումներ առաջարկելիս:

– Հայտնի է, որ ռուս գրականությունն ուղեցույց է Ձեզ համար:

– Առաջներում՝ այո, ռուս դասական գրականությունը: Ժամանակակից ռուս գրականության մեջ (տաղանդավորներ շատ կան) հուսահատության երանգներն կարծես շատացել են:

– Հատկապես ո՞ր գրողն է եղել և մնում՝ որպես ամենասիրելի:

– Այն գրողները, որոնց մոտ հանդիպում են մեծ կամ փոքր հոգեբանական գյուտեր. Չեխով, Կուպրին, Բունին, Գորկի, Օլեշա, Զոշչենկո, Զոհրապ, Բակունց, Սելինջեր, Սագան… շատ են…

 – Ո՞ւմ եք համարում Ձեր հոգևոր ուսուցիչը:

– Իհարկե, ծնողներիս ազդեցությունը շատ մեծ էր: Երկուսն էլ կրթված էին և ընթերցասեր: Սակայն հայոց լեզվի և գրականության հանդեպ ընգծված ուշադրության, ուղղախոսության և գրավոր խոսքի ասպարեզում ինձ վրա բարերար ազդեցություն են ունեցել հայրիկիս հորաքրոջ թոռները՝ թատերագիր Ժիրայր Անանյանը և հայերենի հրաշալի մասնագետ Էդուարդ Անանյանը: Ավելի հասուն տարիքում ճակատագիրը կամեցավ, որ անձնապես ծանոթանամ մեր փայլուն գրագետներ Լևոն Հախվերդյանի, Լուիզա Սամվելյանի, Զորայր Խալափյանի, Սերգեյ Սարինյանի և այլ երևելիների հետ: Պայծառ անհատականություններ էին: Յուրաքանչյուրը՝ հայոց մշակույթի մի-մի հաստաբուն կաղնի:

– Ո՞վ է այն մարդը, որ միշտ Ձեր գործերի ամենախորքերում է՝ ամեն ինչ Նկատողը, Զգացողը, Տեսանողը: Դուք ինչ-որ բան դնո՞ւմ եք ձեզնից այդ կերպարի մեջ:

– Ամենախորքերում… սովորական և պարզ մարդն է, որը հանդգնել է անկեղծանալ ընթերցողի հետ: Իսկ անկեղծանալուց հետո նա արդեն դադարում է «սովորական» լինել: Մեր գրականության թույլ կողմը անկեղծանալուց վախենալն է: Այո, իմ անձնական կենսափորձը, տպավորությունները, հոգեվիճակները որոշակիորեն օգնում են՝ հասկանալու, թե ինչպե՛ս ստեղծեմ այս կամ այն գրական հերոսին, բայց ի վերջո դրանք հավաքական կերպարներ են: Ի դեպ, ամերիկյան իրականության մեջ հայ մարդու նկարագիրը՝ որպես գրական հերոսի նախատիպ, հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ հաճախ տարօրինակ կերպարանափոխություններ են լինում, կարծես: Հայաստանից դուրս հայտնվելով՝ մարդու «աստառը երես է դառնում» , և նա ասես ավելի է ամբողջանում՝ ազատվելով որոշակի տաբուներից և ադաթներից:

– Հետաքրքիր է իմանալ Ձեր ստեղծագործական լաբորատորիայից մի դրվագ. կարծում եմ՝ նախապես մտքում կառուցում եք գրեթե ամբողջ նովելը, և գրելն արդեն րոպեների հարց է: Այդպե՞ս է…

– Գրելն ինձ հեշտությամբ չի տրվում: Միշտ զարմացել եմ այն գրողների վրա, որոնք կարողանում են «մի նստելով» 10-15 էջանոց գեղարվեստ ստեղծել: Իմ աշխատանքը սկսվում է պատմվածքի վերնագիրը բացապարզելուց: Առանց վերնագրի նույնն է թե անգլուխ-անիմաստ տեքստ գրել: Այդ վերնագրի շուրջ կարող եմ օրերով, շաբաթներով մտածել: Ինձ մոտ միշտ նոթատետր եմ պահում. մտքերս, զգացումներս, տպավորություններս իսկույն գրում եմ նոթատետրում, հենց այդ պահին: Եթե չգրեմ, ավելի ուշ կարող է՝ կորցնեմ դրանց զգացմունքային թարմությունն ու անմիջականությունը: Հաճախ է պատահել. ազատուղով մեծ արագությամբ մեքենա վարելիս հանկարծ մտքումս ծնվել է անհրաժեշտ բառը կամ պատկերը:

Որքան էլ ուշանալիս լինեմ, մեքենան վարել եմ ազատուղուց դուրս, մի հանգիստ, ապահով տեղ կայանել և անմիջապես նշումներ արել նոթատետրում: Ապա կրկին մտել ազատուղի: Սիրում եմ բառի ճշգրտությունը: Թումանյանն ասում էր՝ բառը մի աշխարհք է, իսկ իմ մեծ բարեկամ Լևոն Հախվերդյանը պարզաբանում էր, թե բառը ինքնին ոչինչ է, բայց դառնում է ամեն ինչ, եթե գործածվում է ճիշտ տեղում, ինչպես ճիշտ բանալին իր կողպեքի մեջ:

Մանավանդ կարճ պատմվածքում ոչ մի բառ չպետք է ինքնանպատակ գրված լինի, եթե չի ծառայում գեղարվեստական կառույցին:

Հայերենը շատ ճկուն և բառամթերքով հարուստ լեզու է. չկա մի իրադրություն, պատկեր կամ հոգեվիճակ, որ հնարավոր չլինի արտահայտել ճշգրիտ բառով: Պատահել է՝ երբ արդեն ավարտված պատմվածքի մեջ մեկ կամ երկու բառ եմ փոխել, ապա դրանից ամբողջովին փոխվել է ստեղծագործության և՛ հայեցակարգը, և՛ պոետիկան: Միայն ճշգրիտ և անկեղծ բառերով է հնարավոր ազդել ընթերցողի հոգեվիճակի վրա: Այո՛, գրելն ինձ համար անսովոր բարդ ընթացք է: Ինքնադատաստանի նման մի բան է… Կարծես մի ուժ քեզ նստեցնում է անշարժ մի տեղ, հարկադրում անկեղծանալ՝ ձեռքդ «կապելով» ստի դետեկտորին:

– Իսկ հնարավո՞ր է՝ նովելից վեպի անցնեք:

– Իհարկե: Ինձ շատ է հրապուրում, մասնավորապես, կենսագրական վեպը (Անդրե Մորուայի ժանրով): Անպայման գրելու եմ Մուրացանի հոգեկան դրամայի, Չարենցի ներաշխարհի մասին: Վաղուց մտմտում եմ մեկ այլ թեմայի շուրջ՝ «Երեք հանճարեղ թոքախտավոր (Դուրյան, Մեծարենց, Տերյան):

Ստեղծագործական ծրագրերս վերջ չունեն…

– Ո՞վ է եղել Ձեր գրականության ուսուցիչը, հետք թողե՞լ են նրա դասերը:

– Չեմ կարող չհիշել 4-րդ, թե 5-րդ դասարանների ուսուցչուհուս՝ զուսպ և բարեկիրթ Լուսիկ Ղաջոյանին: Ամեն անգամ պատմում էր Ղազարոս Աղայանի «Անահիտ»-ը: Մեղմ ձայնով և յուրաքանչյուր բառը խորհրդավոր շեշտելով՝ ասում էր. «Ու երբ Առանը իր դստերը՝ Անահիտին, կնության է տալիս Վաչագանին…», և հե՛նց այստեղ ամեն անգամ կա՛մ դասարանի անկարգ տղաներն էին պիստոն պայթեցնում, դասն ընդհատում, կա՛մ ջոկատավարն էր հախուռն ներս մտնում, ինչ-որ անկապ հանձնարարություններ անում, կամ դպրոցի զանգն էր հնչում… Մի խոսքով, այդպես էլ չիմացա, թե ինչ է լինում հետո, երբ Առանն իր դստերը՝ Անահիտին, կնության է տալիս Վաչագանին: Հայոց լեզվի քերականության հանդեպ հետաքրքրությանս համար պարտական եմ ուսուցչուհուս՝ Մարգարիտ Սիմոնյանին: Ավելի ուշ ստեղծագործական, բարձրորակ հայերենի հարցում շատ բան եմ սովորել եղբայրներ Ժիրայր և Էդուարդ Անանյաններից (արդեն ասացի այդ մասին):

 – Ինչպե՞ս եք վերաբերվում արդի հայ գրականությանը: Կա՞ն անուններ, որ կցանկանայիք տալ:

– Ինձ միայն հաճելի զարմանք է պատճառում, որ բարոյական ու հոգևոր արժեքների աղետալի անկման պայմաններում գրքի և գրավոր խոսքի շուկայի, կարելի է ասել, լիակատար բացակայության իրողության մեջ Հայաստանում կան շնորհաշատ գրողներ՝ բանաստեղծներ, արձակագիրներ, որոնք կյանքի գնով փորձում են ապահովել մեր գրականության շարունակականությունը :

Տաղանդավոր հեղինակներ կան. առանձին անուններ չտամ, որ մյուսները չնեղանան: Որոշ չափով ծանոթ եմ թարգմանական գրականությանը: Ուրախալի է նաև, որ հայաստանյան գրողները թարգմանվում են այլ լեզուներով:

Կարծում եմ՝ հիմա պիտի բացարձակ նվիրյալ լինես գրականությանն տրվելու համար:

 – Այսօր ԱՄՆ-ում ձևավորվել է հայկական մեծ համայնք: Ունե՞ք մտավախություն, որ մեր լեզուն շուտով կմոռացվի այնտեղ:

– Ցավոք, այո: Բանավոր հայերենը դեռ որոշ չափով պահպանվում է 3-4-րդ սերնդի խոսքում, սակայն գրավոր հայոց լեզուն դուրս է մղվում:

– Իսկ գրական տեքստը ճիշտ հասկանալը կարո՞ղ է կանգնեցնել հասարակության անկումը:

– Ավելի մեծ ընդգրկումով ասած՝ գեղեցիկը կարող է փրկել աշխարհը: Դոստոևսկին և 19-րդ դարի գեղագետները այս հարցին դրական պատասխան էին տալիս: Ի դեպ, 20-րդ դարի մարդկային կերպարանքով հրեշներն էլ էին նույն կարծիքին:

Հիտլերը պաշտում էր Նիցշեին և Վագներին, Ստալինը՝ Գորկուն և Դունաևսկուն (ի դեպ, միայն Ստալինն էր հասկացել, որ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» իրականում գրվել է մեկ մարդու՝ «ժողովուրդների հոր» համար):

Իրականում գրականության հանրային ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան կարող է գիտակցվել գրողների և նույնիսկ գրաքննադատների կողմից:

Եվ չնայած մեր ժամանակներում բազմաթիվ խութեր ու պատնեշներ են գոյացել գրողի և ընթերցողի միջև, բայց նրանք համատեղ ջանքով ու սիրով պիտի կարողանան ազատվել այդ պատնեշներից և գալ միմյանց ընդառաջ: Անձը փնտրում է իր կատարյալ Ես-ին, իսկ այդ կատարյալը միմիայն գեղարվեստական գրականությունն է:

– Կարելի՞ է հանրության ուշադրությունն ուղղել գրականության շուրջ ընթերցանությունների միջոցով, իհարկե, հեղինակի հատուկ ընտրությամբ:

– Այո, մեր գրողները ուղղակի պարտավոր են իրենց «արտադրանքն» անմիջականորեն մատուցել, ներկայացնել ընթերցողներին: Պետականազուրկ ժամանակներում կար, չէ՞, նման մի կարգախոս՝ գնացեք դեպի ժողովուրդը: Ահա, հիմա էլ կարծես գրական-գրողական համայնքում յուրահատուկ «նարոդնիկության» ժամանակներ են: Ես իմ գրքերը մեծ քանակներով ուղարկում եմ հատկապես շրջանների և մարզերի գրադարաններ, որովհետև համոզված եմ, որ մեր հոգևոր զարթոնքը սկսվելու է գիր ու գրականություն սիրող միջավայրից՝ հող ու ջրին նվիրված անապական հայ մարդուց:

– Աստվածաշնչի որոշակի հատվածներ կամ գլուխներ ընթերցելն ունի՞ ամոքիչ նշանակություն հոգու և մարմնի համար:

– Մեր երևելի գրագետներից մեկը (ներկայումս՝ հանգուցյալ )՝ պրոֆեսոր Գևորգ Խրլոպյանը, մի հրաշալի աշխատություն էր գրել «Հայր մեր»-ի իմաստասիրության, նաև հոգեբուժիչ նշանակության մասին: Ինքս էլ ամեն առավոտ դեռ անկողնում մտքի մեջ կրկնում եմ մեր աղոթքը : Սակայն ես Աստվածաշնչին և Նոր կտակարանին վերաբերվում եմ իբրև աշխարհիկ մարդ: Իմ կարծիքով, սրբազան ասույթներից պակաս հոգեբուժիչ զորություն չունի նաև հայ դասական բանաստեղծությունը, ինչպես, օրինակ. «Ամպերի նըման թող սահեն-գնան/ Մտքերը մոլոր,/ Ցավերը բոլոր-/ Եվ սիրտդ մնա պայծառ / Երկնքի նըման», կամ. «Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,/ թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,/ ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր/ վըրան ամէն հոգիի…»: Այս տողերը ինչո՛վ են զիջում աստվածաշնչյան հորդորներին, երբ խոսքը վերաբերում է ներդաշնակության ձգտող հոգիներին: Սրանք հայ մարդու համար հանդիսանում են հոգու բալասաններ …

 – Կարծո՞ւմ եք, որ կան այնպիսի գրողներ, ում գործերը կարող են վատ ազդեցություն ունենալ ընթերցողի վրա և ինչ-որ տեղ այն կարելի է անվանել ընկճախտ առաջացնող:

-Բազմաշերտ հարց եք տալիս: Վերևում խոսում էինք գրող-ընթերցող կապի մասին : Ընթերցողներն էլ են տարբեր լինում: Կան և՛ ինտելեկտով, և՛ նախասիրություններով, նաև տվյալ պահին (ընթերցանության ընթացքում) ունեցած հոգեվիճակով, տրամադրությամբ : Ասեմ, որ արվեստի գլուխգործոցը երբեք չի կարող բեկել առողջ և հասուն հոգեկան աշխարհ ունեցող ընթերցողին: Որքան էլ Դոստոևսկուն համարեն մռայլ և հիվանդ հոգու տեր անձնավորություն, ես չեմ լսել, թե մեկն ու մեկը ընկճախտի մատնվի կամ ինքնասպան լինի նրա հատորները կարդալուց հետո: Այս գործերը մարդուն բարձրացնում են, ոգեղենացնում, մաքրագործում, ոչ թե տապալում: Նույնը կարելի է ասել նաև Գարշինի մասին, որը տառապում էր ծանր հոգեկան հիվանդությամբ: Նրա պատմվածքները ևս մարդու մեջ ուժեղացնում են կյանքի գրգիռները՝ ազատությունը, մարդկայնությունը, ապրելու կամքը: Ավելի սենտիմենտալ-նկարագրական ուղղվածության գրքերը, որոնցում գեղարվեստական գաղափարը նպատակադիր անց է կացվում ընթերցողի զգացմունքների և արցունքների միջով, կարող են բացասաբար անդրադառնալ դյուրաբեկ հոգիների (հատկապես պատանի ընթերցողների) վրա: Վերևում արդեն նշեցի Գյոթեի վաղ շրջանում գրած «Երիտասարդ Վերթերի տառապանքները» հոգեցունց վեպի մասին: Ի դեպ, նման մի ցնցում էլ ես եմ ապրել, երբ պատանի տարիքում կարդացի Հովսեփ Վարդանյանի «Ագապի» սրտաշարժ վեպը: Բայց երբ ավելի ուշ կրկին թերթեցի նույն վեպը, սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել 19-րդ դարի կեսին Պոլսո հայ ամիրաների բարքերի նկարագրության վրա: Ի դեպ, Ամերիկայում ամբողջ տասնամյակներ անտեսում էին (նույնիսկ արգելում) Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը՝ պատճառաբանելով, թե պատանիների հոգում սերմանում է հոռետեսության և անելանելիության զգացումներ: Հայ գրականության մեջ ևս կարող ենք հանդիպել նման երևույթների: Նույնիսկ ժողովրդական հեքիաթները որոշակի տարիքի երեխաներին պետք է մատուցել ընտրողաբար: Եթե երեխան ունի նևրոտիկ երևույթներ, վարքագծի որոշ խոտորումներ, գիշերային վախեր և այլն, անհրաժեշտ է միառժամանակ ձեռնպահ մնալ «մարդակերներ», «հրեշներ», «վամպիրներ» և այլ «պերսոնաժներ» ունեցող հեքիաթներից: Չեմ կարող չհիշատակել նաև մեր որոշ գրողների ճիգերը, երբ բազմաթիվ էջեր են տրամադրում ցեղասպանությանը վերաբերող քստմնելի տեսարանների և պատկերների՝ նատուրալիզմի հասնող նկարագրություններին: Նրանց պետք է հիշեցնել, որ գեղարվեստական գրականությունը փաստագրական լուսանկարչություն չէ: Այլ է գեղարվեստի նպատակը…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here