Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։

ArmeniaON, մայիսի 16. Օրերս թուրքական և հայկական լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում մեծ աղմուկ էր բարձրացրել մայիսի 11-ին թուրքական ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Ստամբուլում բնակվող 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի հետ կապված միջադեպը: Թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր պարունակող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ տղան հայտարարել էր, թե ուզում է մահմեդականություն ընդունել: Նա բեմ էր բարձրացել և ուղիղ եթերում «իսլամ ընդունել»։ Տղան նաև անունն էր փոխել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը:

Հաղորդավարը պնդել է, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ և ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:
Սակայն Արթուրի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, «Ermenihaber.am»-ին ասել է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ հաղորդման է մասնակցում որդին: Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքը չի հասկացել, թե ինչ հաղորդում է դա: Նա հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»:

«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված՝ իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է. «Մամ, տեսա՞ր, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում: Եթե ես տեղյակ լինեի և համաձայնություն տված լինեի, ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը:

Նա նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի: Նշել է, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, որի հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:

Միջադեպի մասին տղայի մայրը տեղեկացրել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել առանց իր իմացության և համաձայնության։ Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Նա հավելել է, որ հայտարարության տեքստը կտրամադրի նաև լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD):