Ժամանակակից երեխային, որն օրվա մեծ մասն անցկացնում է նորագույն տեխնոլոգիաների հետ, շատ բարդ է այլ բանով հրապուրելը:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, մայիսի 17. «Լինում է, չի լինում», «Ժուկով-ժամանակով», «Կար-չկար»… Սա հեքիաթի լեզուն է, ասել է թե՝ «Հեքիաթերեն»: Այդ լեզվին շատ վարժ տիրապետում են Անին ու Հակոբը: Անին ավարտել է Տիկնիկային թատրոնի դերասանական կուրսը, այնուհետև սովորել սցենարական գործ, հիմա էլ դեռ մագիստրատուրայում է սովորում:

«Հեքիաթում ապրելն ու տիկնիկներից երբեք չբաժանվելը իմ մանկության երազանքն է եղել,- ասում է Անին:- Մանկությունս գյուղում է անցել: Բայց մինչև գյուղ տեղափոխվելը հասցրել էի տիկնիկային ներկայացումներ դիտել: Այդ աշխարհն ինձ գերել էր: Ափսոսում էի, որ դասընկերներս չունեն այդ հնարավորությունը: Ամեն անգամ սպասում էի, որ մի օր մեզ հյուր կգան հեքիաթն ու տիկնիկները: Իմ այդ երազանքով հետագայում վարակեցի Հակոբին»:

Հակոբը երաժիշտ է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը: Հետո տարվել է հեքիաթի աշխարհով: Թողնելով դասավանդելը՝ այսօր զբաղվում է միայն «Հեքիաթերենով»:

«Որոշեցինք համատեղել մեր հմտությունները. և՛ տեքստի մշակմամբ ենք զբաղվում, և՛ երաժշտությամբ, և՛ կատարմամբ,- պատմում է Հակոբը:- Մեր հերոս-տիկնիկները խոսում են առավելագույնս մաքուր ու գեղեցիկ հայերենով՝ երեխաներին սովորեցնելով ճիշտ խոսք: Ժամանակակից երեխաները տարված են նորագույն տեխնոլոգիաներով, և նրանց այլ բանով հրապուրելը հեշտ գործ չէ: «Հեքիաթերենի» նպատակը երեխային գրավելն է և հեքիաթի աշխարհ տանելը: Դրա համար որոշեցինք այնպիսի ներկայացումներ բեմադրել, որոնց մասնակից կլինի նաև հանդիսատես-երեխան: Ինտերակտիվ ներկայացումը թույլ է տալիս զարգացնել երեխայի ստեղծագործական միտքն ու երևակայությունը»:

Իսկ Անին տիկնիկներ է ստեղծում իր երևակայությամբ: Ձեռքի տակ եղած կտորներն ու տարբեր պարագաները նա վերածում է հեքիաթի հերոսների:

«Հեքիաթերենի» տիկնիկներին կարելի է հանդիպել քաղաքի տարբեր վայրերում. «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում, Գրականության և արվեստի թանգարանում, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, Հովհ. Թումանյանի անվան գրադարանում: Իսկ վերջերս, Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում, «Հեքիաթերենը» մեկնել էր Հունաստան:

«Հայ համայնքի համար հանդես եկանք մի գեղեցիկ ներկայացմամբ: Շատ հետաքրքիր փորձառություն էր: Մտավախություն ունեինք, որ դրսում ապրող մեր փոքրիկ հայրենակիցների համար գուցե հետաքրքիր չլինի: Բայց, ի զարմանս մեզ, «Հեքիաթերենը» գերեց նաև նրանց: Երեխաներ կային, որոնք չէին խոսում հայերեն, բայց հասկանում էին, կլանված հետևում էին ներկայացմանը»,- պատմում է Անին:

Անին ու Հակոբը երազանք ունեն՝ «Հեքիաթերենը» վերածել Ավտոբուս-թատրոնի, որը կկարողանա շրջել Հայաստանով մեկ՝ հեռու և մոտ գյուղերի ու քաղաքների երեխաներին մի պահ տանելով հեքիաթի զարմանահրաշ աշխարհ:

Այդ երազանքն իրականություն դարձնելու համար որոշել են դիմել հանրային ֆինանսավորման (crowdfunding-ի): Հուսով են, որ հեքիաթի հրաշքով մեր երկրի տարբեր անկյուններում մի օր անպայման կփայլեն Ավտոբուս-թատրոնի ուղևորների աչուկները: