Դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և ազատ արձակել նրան: Որոշումն այսօր հրապարակել է դատավոր Դավիթ Գրիգորյանը:

ArmeniaON, մայիսի 18. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հինգշաբթի երեկոյան անցել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մինչ այդ նախկին նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: