«Արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում եմ «թանգարանային գիշերվան»: Որ թանգարանն էլ գնամ-չգնամ, պատմության թանգարան միշտ գալիս եմ», – ասում է Գառնին:
ԷԼԵՆԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ArmeniaON, մայիսի 19. Քաղաքի ավելի քան 40 թանգարանները բաց էին առավոտից մինչև ուշ գիշեր, իսկ մուտքն անճար էր:
Ամեն մի թանգարան տոնին մոտեցել էր յուրովի: Պատմության թանգարանի տարբեր հարկերում բացվել էին նոր ցուցահանդեսներ, իսկ մարդկանց հոսքը չէր դադարում: Մեծ հետաքրքրությամբ հայաստանյան թանգարաններ էին այցելում նաև զբոսաշրջիկները:
Այս տարԻ Թանգարանային գիշերն անցկացվեց «Թանգարանները՝ որպես մշակույթի հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրով:
Միջոցառման նպատակը մեկն է՝ հասարկությանը համախմբել թանգարանների շուրջ, դրանք դարձնել մշտական այցելության վայրեր: Թանգարանների աշխատակիցները վստահեցնում են, որ տարեցտարի այցելուների թիվն աճում է: Եթե նախորդ տարիներին մարդկանց հոսքը հիմնականում երեկոյան ժամերին էր, ապա այս տարի առավոտյան 11-ից այցելուներ են ընդունել:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մի խումբ պատանիներ երգում էին ու նվագում Չարենցի հայտնի ստեղծագործությունները: Տաթևն առաջին անգամ է մասնակցում «թանգարանային» միջոցառման: Վստահ է, որ նման նախաձեռնություններն օգնում են երիտասարդներին ավելի խորությամբ ընկալելու մեր մշակույթը:
Հիշեցնենք, որ ամեն տարի մայիսի 18-ին Հայաստանը, ի թիվս աշխարհի այլ երկրների, նշում է Թանգարանների միջազգային օրը, ինչպես նաև մասնակցում «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին: