Շների ամենամյա միջազգային ցուցահանդես-մրցույթը և Իտալիայի չեմպիոնատը նոր «միջավայր» են ստեղծում շների տարբեր ցեղատեսակների համար:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, մայիսի 18. «Ամիռա» հայկական կինոլոգիական սպորտային ասոցիացիան, որը գործում է 2012 թվականից, անցկացնում է մրցութ-ցուցահանդես «կինոլոգիական» կանոններով: Շները նախապես գրանցվում են, անցնում բոլոր ստուգումները, այնուհետև հարդարվում են և արդեն պատրաստ են մասնակցելու մրցույթին:

Մարիա Մովսիսյանը փոքրիկ «մոդելների» վարսերն է հարդարում: Նա այս ցուցահանդեսը հաշվետու է համարում, քանի որ ներկայացվում են շների բոլոր լավագույն ցեղատեսակները:

Մասնակցության համար խորհրդանշական գումար են վճարում, ինչը ծախսվում է մեդալներ, դիպլոմներ և նվերներ պատրաստելու համար,- ասում է Մարիան: – Կենդանիները պետք է ապրեն ճիշտ միջավայրում, որտեղ պահպանվում են բոլոր կանոնները: Նրանք մշտապես պետք է վայելեն մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը:

Մրցութ-ցուցահանդեսում ներկայացված է 100-150 շնատեսակ: Շները նախ մրցում են իրենց ցեղատեսակի հետ, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրածներից ընտրվում է ամենալավ՝ հաղթող շունը:

Ցուցահանդեսի «դատավորները» Ուկրաինայից, Իտալիայից և Վրաստանից են ժամանել,- տեղեկացնում է «դատավորների» օգնական Մարիա Միքայելյանը:-  Վրաստանի «դատավորները»  պատասխանատու են սպորտային մասի համար, այստեղ նույնպես ընտրվում են լավն ու լավագույնը: Ի դեպ, «Ամիռա» հայկական կինոլոգիական սպորտային ասոցիացիայի տնօրենը՝ Արթուր  Թոսունյանը, նույնպես որպես  «դատավոր» հանդես է գալիս այլ երկրներում կազմակերպվող նման մրցույթների:

Շնասերներից յուրաքանչյուրը մրցույթին մասնակցելու իր դրդապատճառն ունի: Շատերը մասնակցում են որակավորում ստանալու համար, մյուսները ցանկանում են ցուցադրել իրենց չորքոտանի ընկերոջ գեղեցկությունը և հաղթել: 25-ամյա Լիլան, օրինակ, առաջին անգամ է նման մրցույթի մասնակցում իր չաու-չաու շան հետ, որը  համարվում է լավ ուղեկից և ամենահին ցեղատեսակներից մեկն է: Նա համոզված է, որ գեղեցկությունը կհաղթի:

Ալբերտ Հարությունյանի շները երկրորդ անգամ են մասնակցում  մրցույթին: Ալբերտի համար միջոցառումը միմյանց ճանաչելու լավ առիթ է, իսկ շնասերները միշտ միմյանց հետ քննարկելու թեմա են ունենում:

Անցած տարի պուդել ցեղատեսակի շունս է մասնակցել, որը ամենախելացի շներից է: Այս միջոցառման շնորհիվ ոչ միայն մենք ենք ճանաչում միմյանց և ցուցադրվող շներին, որոնց գուցե մինչ այս չենք հանդիպել, այլև շներն են ծանոթանում, և ագրեսիան նրանց մեջ քիչ-քիչ պակասում է:

Ալբերտ Հարությունյանին անհանգստացնում է թափառող անօթևան շների խնդիրը մեր քաղաքում: Ասում է, որ բազմիցս բարձրաձայնել է այդ մասին:

-Ես փորձում եմ հնարավորության դեպքում կերակրել, խնամել նրանց, սակայն պետք է  մասշտաբային լուծում գտնել: Շունը նույնպես կենդանի արարած է, հետո ի՞նչ, որ, ի տարբերություն մարդու, նա չի կարողանում խոսել,- ասում է Ալբերտը:

Ութամյա Վիկտորյայի և իր եղբայրների համար օրն իսկական տոնի է վերածվել: Նրանք մեծ ոգևորությամբ պատմում են, թե ինչպես են վեց ամսական շանը կերակրում, խնամում և անհամբեր սպասում նրա հաղթանակին: Նրանց առչավկա ցեղատեսակի շունն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին:

Առաջին անգամ է մրցույթի մասնակցում նաև Սարգսի երկու տարեկան լայկան: Նա առանձնահատուկ շուն է՝ բաց կապույտ աչքեր ունի: Սարգիսը վստահ է, որ իր կապուտաչյան ամենասիրվածներից է լինելու:

Լուսանկարները՝ Վազգեն Եթումյանի