«Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ». Էմանուել Մակրոն։

ԱՆԺԵԼԻԿԱ ՕՐԴՅԱՆ

ArmenianON, մայիսի 22. Այսօր լրանում է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակը: Նրա որդին` Նիկոլա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք նշելու ենք իմ հոր ծննդյան 95-ամյակը, սակայն մենք փառաբանում ենք նրան ամեն օր»:
Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որին համարում են ֆրանսիական փոփ երաժշտության արքա: Թատրոնի աշխարհի հետ Ազնավուրի կապն սկսվում է վաղ տարիքից։ Նա թողնում է դպրոցը ինը տարեկանում`արդեն տարված արվեստով, և իր համար ընտրում է «Ազնավուր» բեմական անունը։
Համաշխարհային հռչակ Ազնավուրը ձեռք է բերում 1956 թվականից, երբ ելույթ է ունենում Փարիզի «Օլիմպիա» դահլիճում:
Այնուհետև ֆրանսիական մամուլը գրում էր. «Ֆրանսիան ազնավուրացված է»: Նա երգում էր մարդկային զգացմունքներն ու հույզերը և մարդկանց ապրեցնում էր իր երգերով: Զուր չէին Շառլ դը Գոլի խոսքերը նրա մասին. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»:
Շառլ Ազնավուրը հազարից ավելի երգերի հեղինակ է, այդ թվում` միջազգային բազմաթիվ հիթերի` «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»…
Անցած տարի հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին Փարիզում մատուցված ազգային տուրքի ժամանակ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլին անվանում է «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»:
«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- ասում է Մակրոնը։ 
Լինելով ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ` Ազնավուրը ներկայացնում էր Հայաստանը միջազգային բազմաթիվ դիվանագիտական ատյաններում: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո աշխարհահռչակ հայը հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց ցեղասպանության 60-ամյակի առթիվ), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
Շառլ Ազնավուրի ողջ կյանքն անցավ հայրենիքից դուրս, սակայն հայրենիքը երբեք սրտից դուրս չեկավ: Սա է հայ մնալու ազնավուրյան հզոր ուժը, որի մասին էր ասում մեկ այլ աշխարհահռչակ հայ` Վիլյամ Սարոյանը.
«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա’յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»»։

Լուսանկարը` galatv.am