Ջրային կոմիտեում հագեցած օրակարգով քննարկման են հրավիրվել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները:

ArmeniaON, մայիսի 22. Առաջնահերթ խնդիրը ընկերությունների ֆինանսական կարգապահությունն է, որին աջակցելու համար նոր նախաձեռնություններ են ներկայացվել:

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը վստահեցրել է. «Համակարգում պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, որպեսզի կառավարումն ավելի օպերատիվ լինի և գործունեությունը՝ առավել արդյունավետ: Մենք ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի հասնելու համար»:

Մասնավորապես, ոռոգման ջրի վճարների համար պայմանավորվածություն է ձեռք բերվել «ԻԴրամ» ընկերության հետ, որն էլ ստանձնել է վճարումների ընդունման ծառայությունը ջրօգտագործողների համար ավելի շահավետ պայմաններով: Ավելի քան 400 000 հաճախորդ ունեցող ընկերությունը էլեկտրոնային վճարումների ժամանակակից համակարգ է ներկայացնում, որն էապես կհեշտացնի գյուղացիական տնտեսությունների հոգսն այս առումով: Եթե նախկինում վճարման միակ տարբերակը «Հայփոստով» էր կամ շատ տարածված՝ ջրբաշխին գումարն առձեռն փոխանցելով, ապա այսօր արդեն, դառնալով «ԻԴրամ» համակարգի անդամ, ջրօգտագործողը կկարողանա վճարումներ կատարել հեռախոսի, համակարգչի կամ տերմինալի միջոցով: Բացի այդ, կկարողանա հետևել կատարած վճարումների ընթացքին:

Ընկերության ներկայացուցիչը տեղում պայմանագիր է կնքել ՋՕԸ-ների ղեկավարների հետ, պարզաբանել, որ հատուկ ծրագիր է մշակվում, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուր ջրօգտագործողի հողատարածքի մակերեսը, ձևավորված հասույթը, կատարված վճարումները, այլ տվյալներ: Ծրագիրը կլինի պարզ, հասանելի, հեշտ կիրառելի, կգործարկվի առաջիկայում:

Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվող հաջորդ նորամուծությունը  կենտրոնացված հաշվապահությունն է և կադրային գործը, որը կիրականացվի Հաշվապահների ասոցիացիայի միջոցով՝ առանց լրացուցիչ ծախսերի: Այս ընկերության ներկայացուցիչները ևս տեղում ներկայացրել են առաջարկվող ծառայության մանրամասները, ըստ որոնց` յուրաքանչյուր ՋՕԸ-ում կմնա հաշվետար, որն էլ տվյալները կփոխանցի ասոցիացիային, կլինի ասոցիացիայի ներկայացուցիչը յուրաքանչյուր ընկերությունում: Սա հնարավորություն կտա ունենալու հստակ վարվող միասնական հաշվապահություն, բոլոր տվյալները կլինեն ճշգրիտ, հասանելի՝ ցանկացած պահի: Ինչպես նկատում է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը՝ «Այլևս չենք ունենա միմյանց չհամապատասխանող, երբեմն նաև հակասական տվյալներ, և օպերատիվ ցանկացած թիվ միշտ հասանելի կլինի»:

Այս ամենով հանդերձ` մասնագիտացած ընկերությունը, կենտրոնացված հաշվապահություն վարելով, ֆինանսական հոսքերի կառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, կզբաղվի անհուսալի դեբիտորական պարտքերով, կկարողանա ավելի օպերատիվ աշխատել հարկային մարմինների հետ, ոլորտի նորամուծությունները ևս ավելի արագ կհասնեն ՋՕԸ-ներ:

Ջրօգտագործողների ընկերությունների պատասխանատուների հետ կոմիտեում քննարկվել են նաև ընթացիկ տեխնիկական հարցեր՝ գերնորմատիվային հողերից մինչ ներտնտեսային ցանցեր, ջրի բախման հարցեր: Կոմիտեի նախագահը կրկին հանձնարարել է ՋՕԸ ղեկավարներին ՝ ուշադրության կենտրոնում պահել ֆինանսական կարգապահության հարցերը, հետևել, որ ընթացիկ վճարումներ կատարվեն և նոր պարտքեր չկուտակվեն ընկերություններում, ինչպես նաև խստորեն հետևել ջրի արդար բաշխման սկզբունքին: