Հայաստանյան դոգմատիզմն ու սեռով պայմանավորված հղիության ընդհատումը լուրջ խնդիրներ են առաջացրել: Սելեկտիվ աբորտների պատճատով յուրաքանչյուր տարի շուրջ 1400 աղջիկ լույս աշխարհ չի գալիս:

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ

ArmeniaON, մայիսի 22. Բոլոր ժամանակների ու պայմանների համար իբրև անառարկելի ճշմարտություն ընդունվող դրույթը՝ դոգման, այսօր հայաստանյան իրականությունը, կարծես, տարանջատել է շերտավորումների։ Հանրության մի մասի համար դոգմատիկ է «Տղուց տղա է ծնվում, իսկ աղա տղուց ՝ աղջիկ»-ը , մյուս մասի համար էլ՝ «Առաջինը պիտի տղա լինի», կամ էլ՝ «ընտանիքում տղա պետք է ծնվի՝ ազգանունը շարունակելու» մոտեցումը։

Աբորտ. մարդասպանությու՞ն օրենքով, թե ոչ

Երևանում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հանրության 65, 2 տոկոսը համաձայն է, որ աբորտը մարդասպանություն է, 12,6 տոկոսը՝ մասամբ է համաձայն, 4, 3 տոկոսը համաձայն չէ ընդհանրապես։ Ստացվում է, որ համաքաղաքացիների 3/4 -ն այն համարում է հանցագործություն։ Թե որքանով են պատասխաններն անկեղծ՝ դժվար է ասել։ Սակայն մի բան ակնհայտ է ՝ ընդհանուր առմամբ հանրության 22 տոկոսի արժեքային համակարգում աբորտները դատապարտելի չեն։ Ավելին՝ աբորտն ունի որոշակի լեգիտություն։

Կարելի է արձանագել, որ ինքնահոսի ելքով, հայաստանյան իրականության մեջ երբեմն սեղմվում ու կրճատվում են կնոջ իրավունքները՝ իբրև ապագա մայր, հնազանդ կին և այլն։ Իրավական կարգավիճակով ՝ միջին վիճակագրական ընտանիքում խախտվում է Սահմադրությամբ ամրագրված հոդված 30 -ը՝ (Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. կանայք և տղամարդիկ իրավահավասար են):

Հարցն ՝ արդյոք սեռով պայմանավորված աբորտը կնոջ անձնական կյանքի ոտնահարում համարվում է, թե ոչ ՝ հստակ պատասխան չունի ։

Սահմանադրությամբ ամրագրված է խտրականության արգելքը

Հղում անելով նշում եմ․ «Խտրականություն՝ սեռով պայմանավորված։ Ներկայիս իրավակարգավորումներով երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում չի թույլատրվում: Առանց հղիության ընդհատման դրդապատճառները բացահայտելու՝ դրա ընդհատումը թույլատրելի է բացառապես մինչև հղիության 12-րդ շաբաթը, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ դեռևս երեխայի սեռը ծնողի համար հստակ բացահայտված չէ: Հղիության 12-ից մինչև 22-րդ շաբաթներում արհեստական ընդհատումը թույլատրելի է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումներով պայմանավորված»։

Նորմ-արգելքի սահմանումն իրապես ենթադրում է երեխային կրող ծնողի անձնական կյանքի միջամտություն, սակայն դա դեռևս չի ենթադրում, որ միջամտությունը խախտում է ծնողի՝ անձնական կյանքը հարգելու հիմնարար իրավունքը:

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որը միևնույն ժամանակ սահմանում է պետությունների պարտավորությունը չմիջամտելու յուրաքանչյուրի՝ հիշյալ իրավունքի իրականացմանը։ Երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն արգելող նորմի ամրագրումն օրենքում անհրաժեշտություն է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջի ապահովման տեսակետից:

100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա

Մի քանի տարի առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-116 տղա, և սա մեծ տարբերություն էր: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է և ավելի կայուն՝ 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա։

Փաստելով վիճակագրական տվյալները, պետք է արձանագրել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները առաջիկայում կարող են հանգեցնել բնակչության շրջանում աղջիկների թվի, իսկ որպես հետևանք՝ նաև հանրապետությունում ծնելիության ցուցանիշների նվազման: Համատեքսում՝ սելեկտիվ աբորտների ալգելքը պետության կողմից հետապնդում է իրավաչափ նպատակներ և այն չի կարող հանգեցնել կնոջ իրավունքների խախտման: