2006 թվականից Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնն զբաղեցնող Արամ Սիմոնյանն այսօր հրաժարական է տվել: 

ArmeniaON, մայիսի 23. ԵՊՀ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ մասին Արամ Սիմոնյանը հայտնել է այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին: Նա նշել է, որ վայր է դնում լիազորությունները՝ համալսարանի շահը գերակա համարելով:

Արամ Սիմոնյանն ափսոսանք է հայտնել, որ ազգային արժեք հանդիսացող համալսարանի 100-ամյակի կապակցությամբ պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք չի ստացել, անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի շնորհավորել:

«Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում»,- ասել է ԵՊՀ ռեկտորը:

«Ես միշտ պայքարելու եմ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին»:

Արամ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իր և համալսարանի կողքին են եղել, ինչպես նաև ցավով նշել է, որ ոմանք ոչ միայն անտարբերություն են ցուցաբերել, այլև բացահայտ հակակրանք իր գործունեության և համալսարանական միջոցառումների հանդեպ:

Հայտարարելով, որ ինքը շարունակելու է մնալ համալսարանում՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն է, Արամ Սիմոնյանն ասել է, որ իր համար նոր էջ կբացվի. Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում նա կշարունակի իր հետազոտություններն ու գործունեությունը:

ysu.am

Լուսանկարները՝ haynews.amysu.am