«ՈւԵՖԱ-ն եզրափակիչի համար ընտրել է մի այնպիսի երկիր, որտեղ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, իսկ ոմանք նույնիսկ չեն կարող մուտք գործել այնտեղ». CNN հեռուստաալիքի լրագրող Մասիմո Մարիոնի։

ArmeniaON, մայիսի 24. Ամերիկյան հանրահայտ CNN հեռուստաալիքի լրագրող Մասիմո Մարիոնին բուռն է արձագանքել Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչին չմասակցելու փաստին և այս հոդվածով իր կարծիքն է արտահայտել այդ մասին:

«Եվրոպա լիգայի եզրափակիչից օրեր առաջ մենք ականատես ենք լինում աննախադեպ իրավիճակի. գրանդ ակումբներից մեկը կորցնում է իր առանցքային ֆուտբոլիստին եվրոպական խոշոր մրցաշարի եզրափակիչում միայն այդ խաղացողի ծննդավայրի պատճառով: Մխիթարյանի հետ կապված հարցը ամոթալի է ՈւԵՖԱ-ի համար և մեծ հարցականի տակ է դնում եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:

Լուսանկարը՝ rightwingfolks.com

Մենք կարող ենք մոռանալ Ադրբեջանում եզրափակիչ անցկացնելու տարածքային և ֆինանսական մեծ խնդիրները, այնտեղ հասնելու համար երկրպագուների լուրջ դժվարությունները: Կարող ենք մոռանալ նաև այն, որ 69.870 հանդիսական տեղավորող մարզադաշտում թիմերին հատկացվել է ընդամենը 6 հազարական տոմս:

Բայց մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՈւԵՖԱ-ն եզրափակիչի համար ընտրել է մի այնպիսի երկիր, որտեղ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, իսկ ոմանք նույնիսկ չեն կարող մուտք գործել այնտեղ: Մխիթարյանը, որի երկիրն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ է, իրեն չի կարող անվտանգ զգալ Բաքվում, ինչը թիմերից մեկին ստիպում է զրկվել իր թոփ խաղացողներից մեկից ոչ ֆուտբոլային պատճառով:

ՈւԵՖԱ-ն համագործակցում է RESPECT սոցիալական կազմակերպության հետ, որը քարոզում է մարդկային բոլոր ռասաների ներգրավվածությունը ֆուտբոլում. «Բոլորն իրավունք ունեն ֆուտբոլը վայելելու՝ անկախ նրանից, թե ով են, որտեղից են և ինչպես են խաղում»: Հուսանք, որ այս հաղորդագրությունը կսփոփի Մխիթարյանին և աշխարհի բոլոր հայերին, մինդչդեռ Հայաստանի հավաքականի ավագը մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչը դիտելու է հեռուստացույցով:

Ինչպե՞ս կարող է այս ամենը դեմ չլինել սպորտի սկզբունքներին: Եվ եթե «Արսենալը» պարտվի, այս հարցը միշտ կհնչի՝ «Իսկ ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը խաղար»: Եվ մի՞թե սա չի վտանգում ՈւԵՖԱ-ի իրավահավասարության թեզը, եթե այդ կառույցը պաշտպանում է եզրափակիչն ընդունող այդքան կոնֆլիկտային ու խտրականություններով երկրին:

ՈւԵՖԱ-ն ու Ադրբեջանի ՖՖ-ն վստահեցրին, որ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է, բայց դա բավարար չեղավ, որ Մխիթարյանը մեկնի Բաքու: ՈւԵՖԱ-ն չփոխեց եզրափակիչը Բաքվում անցկացնելու իր որոշումը՝ չնայած երկրպագուների ու թիմերի բողոքներին: Իսկ միգուցե «Արսենալն» ու «Չելսին» բոյկոտե՞ն խաղը:

Այո՛, այդ քայլը կտրուկ ու աննախադեպ կլինի, բայց պատկերացրեք, թե ինչպիսի միասնականության ու հարգանքի օրինակ կարող է դառնալ դա երկու լոնդոնյան մրցակից թիմերի կողմից: Այսպիսի հնարավորություն ժամանակակից ֆուտբոլում դեռ չի եղել:

Դա շատ դժվար որոշում կլինի «Արսենալի» համար: Բացի ֆինանսական մեծ օգուտից, Եվրոպա լիգայի եզրափակիչը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է:

Բայց, անկասկած, սպորտում որոշ բաներ ավելի կարևոր են, քան հաղթանակները, պարտությունները, ֆինանսական օգուտներն ու ֆինանսական կորուստները: Երկու ակումբների կողմից այդ քայլը կմնա պատմության մեջ, ինչը շատ ավելի մեծ բան կնշանակի, քան Եվրոպա լիգայի այդ գավաթը»:

vnews.am