«Հայաստանի խուլերի միավորումում» կրկին լարված իրավիճակ է։ Լսողության խնդիր ունեցողները պահանջում են միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը։

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 25.  Լսողության խնդիր ունեցողները 2016թ. մայիսից պահանջում են նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը: Նրանք կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայաստանի խուլերի միավորման» շենքի դիմաց:

Հարցը քննվել է նաև դատական կարգով, և Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ խուլ ու համրերի:

Վերաքննիչ դատարանն էլ որոշումն անփոփոխ է թողել, սակայն խնդրի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել, քանի որ նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական չի տալիս:

Լսողության խնդիրներ ունեցողների թարգմանիչ, թոշակառու տիկին Ամալյան, որը շարունակում է սատարել միավորման անդամներին՝ պայքարելով նրանց իրավունքերի համար, նշում է.

– Որտեղ դիմել ենք, պատասխանել են, որ միավորման նախագահին ընտրելու իրավունքը մերն է: Մենք ուզում ենք, որ Մարինե Հարությունյանը ղեկավարի, սակայն նախկին նախագահը չի ցանկանում հրաժարական տալ:

Միավորման սաներից մեկի մայրը՝ տիկին Անուշը, նշում է, որ լսողության խնդիր ունեցող իր 27-ամյա աղջիկն այս իրադարձությունների պատճառով սթրեսային վիճակում է հայտնվել:

– Աղջիկս շատ լավ նկարում է, ասեղնագործում: Սակայն Գրիգոր Գրիգորյանը ոչ մի հնարավորություն չի ստեղծում, որ տաղանդավոր երեխաները կարողանան զարգացնել իրենց հմտություններն ու կատարելագործվեն: Ոչինչ չի անում նրանց համար, բայց հրաժարական էլ չի տալիս:

Միավորման աշխատակից Ինեսսա Բիշարյանը ArmeniaON-ին տրամադրեց գործին վերաբերղ բոլոր փաստաթղթերը՝ պատմելով վերջին օրերի կատարվածը:

–  Ինը տարի է` Գրիգոր Գրիգորյանը միավորման նախագահն է: Այդ ընթացքում ոչ մի խմբակ չի բացել, որտեղ կարող են սովորել երեխաները՝ հետագայում իրենց հացը վաստակելու նպատակով: Ասում է՝ շենքը իմն է, և ուզում է վաճառել: Հաշմանդամներին էլ ուզում է թողնել փողոցում՝ զրկելով ընկերների հետ շփումից: Անգամ ձեռք է բարձրացնում նրանց վրա: Ոստիկանները բռնի ուժով տանում են մեզ բաժին: Սա ի՞նչ վերաբերմունք է: Ու այս ամենն իրենց շահի համար:  

Վերոհիշյալ միջադեպի մասին պատմեց նաև Նարեկ անունով երիտասարդը, որը ականատես է եղել քաշքշուկին: Տեսնելով լարված իրավիճակը՝ փորձել է ոստիկանների կոպիտ վերաբերմունքից պաշտպանել միավորման անդամներին, ապա հայտնվել ոստիկանական բաժանմունքում:

Աշխատակիցները նշում են, որ մինչև Գրիգորյանի նախագահ ընտրվելը բազմաթիվ խմբակներ էին գործում միությունում, որտեղ սաները սովորում էին տիրապետել տարբեր արհեստների: Նրա նախագահ ընտրվելուց հետո այդ ամենը վերացել է:

Միավորման անդամների համար սա երկրորդ տուն է, թանկ անկյուն, որտեղ բոլորն իրար հարազատ են: Չեն ուզում թույլ տալ, որ այսքան տարվա կառույցը վաճառվի կամ ծառայի մեկ այլ նպատակի:

Նշում են, որ իրենց ընտրությունը հաստատել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը:

Հաստատումից երեք օր հետո Գրիգորյանը գնում է այնտեղ ու վերցնում մեր քաղվածքը, մեջը փոփոխություն է անում, ինչոր կետեր ավելացնում ինքնակոչի պես, ապա ստորագրում և տանում է պետական ռեգիստր, որտեղ իրեն ևս հաստատում են: Արդյունքում ստացվում է երկու նախագահ: Նույնն է, որ ՀՀ-ն ունենա երկու վարչապետ: Մի՞թե դա հնարավոր է, – ասում է Ինեսսա Բիշարյանը:

Միավորման սաներից Վիկան ու իր քույրը՝ Ռուզաննան, ևս վիրավորված բողոքում են նախագահի վերաբերմունքից: Փաստում են, որ վերջինս ձեռք է բարձրացրել նաև իրենց ծնողների վրա:

Աշխատակիցները նույնպես վրդովված են: Նրանց անգամ թույլ չեն տալիս շենք մտնել: Ուզում են հասկանալ՝ ո՞վ է տվել Գրիգորյանին այսպես գործելու իրավունքը:

Ի դեպ, «Խուլ ու համրերի միավորման» շենքը պաշտպանում են անվտանգության աշխատակիցները, իսկ լսողության խնդիրներ ունեցողները բակում փորձում են պաշտպանել հարազատ դարձած միավորումն ու իրենց իրավունքները:

Հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը՝ մենք հետևողական ենք լինելու սոցիալական այս խմբին օժանդակելու, առկա խնդիրը պարզելու և դրան լուծում տալու հարցում:

Լուսանկարները՝ Ռոզի Սարգսյանի և Մերի Բադալյանի

Տեսանյութը՝ Գագիկ Շահինյանի