Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության պետական  կոմիտեի ֆեյսբուքյան էջը։

ArmeniaON, մայիսի 25. Այս օրերին հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում են Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական  կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը՝ Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։


Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը: Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։

Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայում առկա նախասիրությունները։