Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Հայաստանին՝ դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում:

ArmenianON, մայիսի 27. ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն նամակ է հղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և «վեթթինգի» իրականացմանը:

«Արմենպրես»-ը նաև ներկայացրել է Բուքիքիոյի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Հարգարժան պարոն վարչապետ,

Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի ընթացքում մենք վերահաստատեցինք Հայաստանի և Վենետիկի հանձնաժողովի միջև սերտ համագործակցություն ծավալելու մեր շահագրգռվածությունը:

Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների և անգամ «վեթթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:    

Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատկանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն բավարար չէ Հայաստանում:

Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:  

Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն եթե այդ չափանիշները հարգված են:

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի Սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»: