Համակարգչային խաղ ստեղծողների հիմնական նպատակը երեխաներին  կախվածության մեջ գցելն է, որպեսզի չձանձրանան տվյալ խաղից, և այն շարունակելու ցանկությունը չմարի:

ՕՖԵԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 28. Տեխնիկան օր օրի զարգանում է՝ իր հետ բերելով մի շարք խնդիրներ: Յուրաքանչյուրիս շրջապատում էլ կա մեկը, ով կախվածություն ունի համակարգչից կամ հեռախոսից: Սակայն խնդիրն առավել տագնապալի է, երբ երեխաներն են դրա զոհը դառնում:

13-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը գիտակցում է, որ ինքը նույնպես տեխնիկայի զոհ է դարձել և կարծում է, որ իրեն կարող է օգնել միայն մասնագետը.

«Ես շատ լավ հասկանում եմ, որ կախվածություն ունեմ, բայց, ի՞նչ արած, ինքս ինձ չեմ կարողանում փոխել: Դասի ժամին հեռախոսները հավաքում են, և ես անհամբեր րոպեներն եմ հաշվում, թե երբ է դասն ավարտվելու, որ հեռախոսս վերցնեմ ու խաղ խաղամ կամ ինտերնետով կինո նայեմ: Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս, բայց դե չեմ կարողանում, էլի…»:

Ռոբերտի մայրը` Արմինե Մեսրոպյանը, խոստովանում է, որ երեխան հանուն խաղերի  վերջերս նույնիսկ խաբում է իրեն:

«Ամբողջ օրը համակարգչի առաջ նստած է, ուրիշ ոչնչով չի զբաղվում, անգամ հաց չի ուտում: Վերջին ծնողական ժողովի ժամանակ պարզվեց, որ նաև ստում է` ասելով, թե հանձնարարություն չեն տվել, ու ոչինչ չի անում: Հիմա ինքն էլ է հասկանում, որ  կախվածության մեջ է ընկել: Մտածում ենք՝ երևի հոգեբանի դիմենք»:

Հովսեփ Բաբայանը մասնակցել է «Թումո» կենտրոնի դասընթացներին: Պատմում է, թե ինչպես են ստեղծվում երեխաներին այդքան գրավող այդ խաղերը:

«Խաղ ստեղծելու ամենակարևոր փուլը խաղի աշխարհ ստեղծելն է: Լավագույն խաղերը կառուցվում են այնպես, որ խաղացողը նույնիսկ մի քանի անգամ պարտվելուց հետո չձանձրանա և փորձի ամեն կերպ հաղթահարել տվյալ աշխարհը: Խաղ ստեղծողների հիմնական նպատակը դա է. երեխաներին գցել կախվածության մեջ, որպեսզի նրանք չձանձրանան տվյալ խաղից, և շարունակ խաղալու ցանկություն ունենան»:

Ուսուցչուհի Քրիստինե Խաչատրյանը պարզաբանում է, որ խաղային կախվածությունն ուղղակիորեն ազդում է նաև երեխաների ուսման առաջադիմության վրա.

«Երեխաները չեն կարողանում կենտրոնանալ իրենց դասերի վրա, սկսում են վատ ընկալել դասավանդվող նյութը»:

Երեխաների համակարգչային կախվածության, ինչպես նաև այդ խնդրից խուսափելու հնարավոր տարբերակի մասին է խոսում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի և «Հիլֆման» հոգեբանական ծառայության կենտրոնի հոգեբան Տիգրանուհի Աճեմյանը.

«Ինչպես ցանկացած խաղ, վիրտուալ խաղերը նույնպես ունեն յուրահատուկ գրավչություն: Տեղափոխվելով երևակայական աշխարհ՝ երեխան խաղի մեջ որոշ չափով կորցնում է իրականության և ժամանակի զգացողությունը: Խնդրի է՛լ ավելի խորացումից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել նման կախվածություն ունեցող երեխայի գործունեությունը համակարգչով, այն փոխարինել իրական շփումով, ընտանեկան ժամանցով, սպորտային կամ այլ խաղերով, տարբեր խմբակներով և այլն»:

Լուսանկարները՝ haymedia.am, dasaran.am