«Կիրառական արվեստը` որպես ինքնարտահայտման միջոց» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին «Լիլիթ» նորաձևության դպրոցի սաների ստեղծագործությունները։

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 28. Արտթերապիան հոգեթերապիայի ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, մյուս կողմից` արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է։ Արտթերապիան լայն կիրառություն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։

Նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանի նորաձևության դպրոցում արտթերապիան իրականացվում է նկարչության միջոցով: Դա սաներին օգնում է ինքնադրսևորվելու թե’ որպես անձ, անհատականություն, թե’ որպես արվեստագետ, անգամ թույլ է տալիս հասնել կատարսիսի (ինքնամաքրման)։ Ի վերջո, նկարչությունն օգնում է տեսնելու աշխարհի գույները:

«Ֆենիքս» գրախանութում բացված «Կիրառական արվեստը` որպես ինքնարտահայտման միջոց» խորագրով ցուցահանդեսում ներկայացվել էին «Լիլիթ» նորաձևության դպրոցի սաների ստեղծագործությունները «Արտթերապիա» թեմայով։

Էլէնը դպրոցի սաներից է, մասնագիտությամբ՝ հոգեբան: Հագուստի մոդելավորումը նրա համար սկզբում պարզապես սիրելի զբաղմունք էր։

– Մինչ նորաձևության դպրոց հաճախելը երբեք չեմ նկարել։ Երբ ընկեր Լիլիթը մեզ ծանոթացրեց ներկերին, ես սիրահարվեցի կտավին, ակրիլներին, վրձիններին։ Նկարչությունը դարձավ իմ կյանքի մի մասը։ Բոլոր այն ապրումները, որոնք մարդը ճնշում, պահում է իր ներսում, հնարավոր է արտահայտել արտթերապիայի միջոցով։

Մարիամը երիտասարդ նկարչուհի է, սակայն արդեն տիրապետում է նկարչության նուրբ արվեստի հմտություններին և դրանք սիրով փոխանցում արվեստի այս ճյուղով հրապուրված փոքրիկներին:

– Շատ աշխատանքներ ունեմ։ Աշխատում եմ յուղաներկով, պաստելային ներկերով, ակրիլով, ջրաներկով և այլն։ Այժմ ջրաներկով նկարում ենք ծաղիկներ։ Երբ այն չորանա, դրանց վրա կաշխատենք նաև պաստելային ներկերով։

Ջեմման նույնպես նորաձևության դպրոցի սաներից է։ Առաջին մասնագիտությամբ լեզվաբան է։ Սիրում է շարունակ նոր բաներ փորձել և հենց այդպես էլ հայտնվել է հագուստի մոդելավորման աշխարհում: Սկզբում դա իր համար հոբբի էր, հետո ինքն էլ չնկատեց, թե ինչպես դարձավ երկրորդ մասնագիտություն։

– Երկու ամիս է, ինչ հաճախում եմ մեր շատ սիրելի «Լիլիթ» նորաձևության դպրոցը։ Այսօր բոլոր մյուս շրջանավարտների հետ միասին ներկայացնում եմ իմ աշխատանքները։ Այս մեկը, որը շատերի ուշադրությունը գրավեց, անվանել եմ “Сусальное золото”: Մյուս աշխատանքս Էսքիզ է, աղջիկ ու տղա են պատկերված` սպիտակով սևի վրա։ Աշխատել եմ ակրիլով։ Մարգարիտի էֆեկտով ակրիլ է։

Լիլիթ Մարգարյանը իր դպրոցի շրջանավարտներին նաև հավաստագրեր հանձնեց։ Նորաձության դպրոցի սաները նաև նվերներ ստացան «Ֆենիքս» գրախանութի ղեկավարության կողմից:

Հանձնելով նվերները՝ գրախանութի մենեջեր Քրիստինա Նազարյանը նշեց, որ ակնկալում է երկարատև համագործակցություն «Լիլիթ» նորաձևության դպրոցի հետ:

Ի դեպ, դպրոցում միայն աղջիկներ չեն սովորում։ Լիլիթի սաների շարքում է նաև Վարուժանը, որն աչքի ընկավ իր հրաշալի աշխատանքներով։