Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը։

ArmenianON, մայիսի 30. Նրա թեկնածությանը հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել։

Թատրոնի տնօրենի պաշտոնի համար նախապես երկու հոգի էին հայտ ներկայացրել: Երկրորդ թեկնածուն թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն էր, սակայն նա ներկայացել էր մշակույթի նախարարություն և տեղեկացրել, որ չի կարող մասնակցել մրցույթին: Պարզվում է՝ գիշերը թալանել են նրա բնակարանը, և ինքը պետք է գնա ոստիկանություն, ցուցմունք տա:

Նշենք, որ դեռեւս վեց ամիս առաջ Համազգայինի կոլեկտիվը բոյկոտեց նախկին տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանին, որին առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նշանակել էր մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Դրանից հետո Չալդրանյանը նախ հրաժարական տվեց գեղարվեստական ղեկավարի, ապա նաև տնօրենի պաշտոնից:

Համազգային թատրոնի անձնակազմը գեղարվեստական ղեկավար էր ընտրել Նարինե Գրիգորյանին, տնօրենի պաշտոնակատար՝ Արման Նավասարդյանին: Այն, որ Արման Նավասարդյանը կընտրվի տնօրենի պաշտոնում, ոչ մեկի համար գաղտնիք չէր: Վերջինս այս  ամիսների ընթացքում թատրոնի անձնակազմի հետ բուռն աշխատանքներ էր ծավալում:

tv9.am

Լուսանկարը՝ aysor.am