«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից  խնդրում են, որ խոտածածկը չտրորեն. «Այն հատվածներում, որոնց վրայով քայլում են, վնասվում է ոչ միայն խոտածածկը, այլ նաև այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը»:

ArmeniaON, մայիսի 30. Երիտասարդ տղան պատահաբար հարվածել ու վնասել է նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը:
«Երևանի 2800-ամյակի այգու վնասված արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ»,- ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ նյութից են պատրաստված այգու արձանիկները, այդ թվում նաև թղթե նավակով տղայի արձանիկը, որի ձեռքը նախօրեին կոտրվել է, ասել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը։

Նրա պարզաբանման մեջ նշվում է, որ երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա այգում վազելիս ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի պատճառով արձանի ձեռքը երկաթի զոդման հատվածից պոկվել է:

«Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել և տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, և արդեն մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգում և նույն հատվածում: Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է է՛լ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի: Ամեն դեպքում կոչ ենք անում, որ այգու այցելուները արձանների վրա չբարձրանան. արձանները նախատեսված չեն ո՛չ հարվածներ ընդունելու և ո՛չ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»,- նշել է նա:

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից նաև խնդրում են, որ խոտածածկը չտրորեն. «Այն հատվածներում, որոնց վրայով քայլում են, վնասվում է ոչ միայն խոտածածկը, այլ նաև այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը»:

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ այգու շուրջօրյա պահպանությունն իրականացվում է մի քանի ոստիկանի կողմից:

Հիշեցնենք, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգին բացվել է մայիսի 10-ին։ Այն վերակառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար դոլար։

panorama.am