Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կոմպոզիտոր-գործիքավորող Վահան Նահապետյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, մայիսի 30. Վահան Նահապետյանը մի նոր, հետաքրքիր «գույն» է հայ իրականության մեջ: Այսօր նրա կատարած ու գործիքավորած ստեղծագործությունները շատ հայտնի են, սակայն դեպի հաջողություն տանող ճանապարհը այնքան էլ հեշտ չի տրվել Վահանին: Նրա կյանքն ամբողջությամբ ստեղծագործություն է՝ անվերջ նորի փնտրտուք:

Մանկուց մտերմացել է դասական երաժշտության հետ, և դա իր «հետագիծն» է թողել Վահան Նահապետյանի ստեղծագործական կյանքի վրա: Առաջին ստեղծագործությունը գործիքավորել է 8-9 տարեկանում և Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է դափնեկրի կոչման:

Այնուհետև երաժշտությունը Վահանի  համար  ապրելակերպ է դառնում: 1996 թվականից սկսում է աշխատել որպես գործիքավորող: Տարիներ շարունակ համագործակցել է տարբեր երգիչ-երգչուհիների հետ, նրանց համար երգեր գործիքավորել: Էդվարդ Համբարձումյանի «Երազ» բալետ-ֆանտազիան Վահան Նահապետյանի գործիքավորմամբ դարձել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի անբաժան մասը: Այն ներկայացվել է նաև Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում:

Վահան Նահապետյանի գրեթե ողջ օրն անցնում է երաժշտության հետ: Նրա երգերը սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Երաժիշտը, որը 2018 թվականին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին, համոզված է, որ բնատուր տաղանդը բավական չէ հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է աշխատասիրություն և կամք:

Տեսողական խնդիրներ ունեցող երիտասարդը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում ուսանելու տարիներին քիչ դժվարություններ չի ունեցել: Նա ստիպված է եղել ձայնագրել դասախոսությունները, որ հետո սովորի: Թերևս հենց դա էլ հետագայում աուդիոգրքեր ստեղծելու հիմք է դարձել: Ինչպես ասում են՝ իր մաշկի վրա զգալով, թե որքան բարդ է առանց գրքերի գիտելիք ստանալը, Վահանը որոշում է տեսողական խնդիրներ ունեցողների համար աուդիոգրքեր թողարկել: Եվ 2003 թվականից սկսում է կյանքի կոչել իր մտահղացումը: Այսօր Վահանը 500-ից ավելի ձայնագրությունների հեղինակ է:

Օրերս Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների: Նրանց թվում էր նաև Վահան Նահապետյանը: Նա պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ իր նվիրումի, ստեղծագործական բուռն գործունեության և սիրո համար առ հայրենիք, որը դրսևորվում է իր աշխատանքներում:

Մայիսի 29-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահն իր խոսքում նշել է, որ բոլոր պարգևատրվածները ներկայացնում են մեր երկիրը, և բոլորն իրականում ծառայում են մեկ ընդհանուր մշակույթի՝ պետականության մշակույթին:

Լուսանկարները՝ president.am և radaris.com