Գործնական իրավաբաններն ու հոգեբաններն իրենց դիպլոմներն ստացան աղանդերի և թանապուրի սեղանի շուրջ։

Կարինե Այվազյան 

ArmeniaON, հունիսի 1. Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութի հետնամասի դուռը մեզ տարավ մի հրաշք ընդարձակ այգի, և մեր առջև բացվեց հյուրընկալ միջավայր։ Պատվիրել էինք աղանդերի սեղան, բայց ես նախընտրեցի թանապուրը, ինչը զարմացրեց ընկերներիս։ Երբ սկսվեց դիպլոմների հանձնման արարողությունը, ակնհայտ դարձավ, որ թանապուրի ափսեն, իրոք, չէր ձուլվում միջոցառման բովանդակությանը։

Ափսեն այս ու այն կողմ էի տանում, որպեսզի չխաթարի դեսերտի սեղանի «կոլորիտը»։ Դա զվարճացնում էր ներկաներին։ Եվ փաստորեն «թանապուրը» մեր երեկոյին ոչ միայն տրամադրություն հաղորդեց, այլև մնաց շրջանավարտների հիշողության մեջ։ Դիպլոմներ էին ստանում գործնական իրավաբաններն ու հոգեբանները: Նրանց մասնակցությամբ կմեկնարկի «Բարձրացրու և բարձրացիր» ծրագիրը:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» հիմնադիր Խաչատուր Մարոզյանի նախաձեռնությամբ ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Կրթական այս նախագծի շրջանավարտների ջանքերով նախատեսվում է աշխատանք հասարակության տարբեր խավերի հետ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել անհատի ինքնագիտակցությունը և նպաստել, որ հայ ընտանիքները լինեն առավել պաշտպանված: