Հոգևոր երգիչ, շարականագետ, բանասեր, մանկավարժ, գրաբարի մասնագետ Խորեն Պալյանի փայփայած, սակայն իր կյանքի օրոք չիրականացած երազանքը տասնամյակներ անց ի վերջո դարձավ իրականություն:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հունիսի 2.  Պալյանը փափագում էր հավերժացնել իր սիրելի կնոջ՝ երգչուհի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի հիշատակը՝ Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում գտնվող իրենց բնակարանը դարձնելով տուն-թանգարան:  

Խորեն Պալյանի՝ տուն-թանգարան ստեղծելու երազանքն իրականացրել է նրա եղբորորդին՝ Րաֆֆի Պալյանը: Տուն-թանգարանը բացվեց սիրված երգչուհու ծննդյան օրը՝ հունիսի 1-ին: Խոստովանելով, որ թանգարանը բացելու գաղափարը հորեղբորից են «ժառանգություն» ստացել, Րաֆֆի Պալյանը նշեց, որ մեծ ջանքեր են գործադրվել դրա համար.

Այս հարկի տակ ապրել և ստեղծագործել են անզուգական Խորեն Պալյանը և Լուսինե Զաքարյանը: Այս ամենը չէր լինի, եթե չլիներ այն նվիրված անձանց աշխատանքը, որոնք ամեն ջանք գործադրեցին նպատակն իրականացնելու համար. նրանք անկարելին  դարձրին կարելի:

Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերը, նոտաները, նամակները, գրադարանը և այլ անձնական իրեր:

Րաֆֆի Պալյանն ավելացրեց, որ երջանկահիշատակ արվեստագետներն իրենց ողջ կյանքը նվիրել են հայ երգին՝ մեր տոհմիկ հոգևոր երաժշտությունը բարձրացնելով աննախադեպ մակարդակի:

– Այսօր հպարտությամբ և մեծ ոգևորությամբ այս գողտրիկ անկյունում մեր ժողովրդին է ներկայացվում մշակութային մի կառույց, որտեղ այցելուները մոտիկից կծանոթանան Լուսինեի և Խորենի բացառիկ ստեղծագործությանը: Այսուհետև թող երգ, աղոթք և ամուր հավատք սփռի այս տունը բոլոր հայորդիների վրա, թող  խաղաղություն և սեր բերի մեր հայրենիքին. այս պատգամը պիտի տար սիրելի Լուսինե Զաքարյանը իր ծննդյան առիթով, որը զուգադիպեց թանգարանի բացման օրվան, – ասաց նա:

 

Լուսինե Զաքարյանի ժամանակակիցները մեծ ակնածանքով են հիշում հայ երգի նվիրյալի անունը: Երգչուհուն հաճախ անվանում էին Սրբուհի, Հրեշտակ, Լույս Լուսինե: Տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը, որը ընտանիքի բարեկամն է եղել, համոզված է, որ մշակութային այս նորաստեղծ օջախը վերածվելու է հոգևոր երգի կենտրոնի.

– Այս տուն-թանգարանը լինելու է հայ միջնադարյան տաղերի, գանձերի, շարականների՝ հոգևոր երաժշտության կենտրոն: Փորձելու ենք այսօրվա սերունդներին փոխանցել Լուսինեի և Խորենի սերն ու գորովը մեր մշակութի հանդեպ: Նրանք եկեղեցուց դուրս բերեցին այն, ինչը դարեր շարունակ պատկանում էր եկեղեցուն, և դարձրին ողջ ժողովրդի զմայլանքի առարկա: Լուսինեն Խորենի միջոցով գնաց դարերի խորքը, այնտեղից հանեց հին միջնադարյան երգերը՝ Նարեկացի, Շնորհալի, և նոր հմայքով ներկայացրեց մեզ և ողջ աշխարհին:

Խորեն Պալյանի ընկերը՝ ԵՊՀ դասախոս, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, Խորեն Պալյանին և Լուսինե Զաքարյանին համարում է 60-ական թվականների հայ բեմի զարդը:

– Նրանք եկան ճիշտ ժամանակին և բերեցին այն, ինչը պակասում էր մեզ՝ ազգային մտածողություն, ազգային երգ: Խորենը բացառիկ անհատ էր, գրաբարագետ: Նա անգիր կարող էր արտասանել տասնյակ էջեր, գիտեր մոտ 2000 շարական, որոնցից 1500-ը երգում էր: Ուրիշները կատարում էին, իսկ ինքը երգում էր: Երգում էր սրտով, հոգով, ողջ էությամբ: Այդ պարզ մարդու մեջ ազգային ոգի կար,- ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը և մեծ ակնածանքով ավելացրեց, որ Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը իրենց նվիրական աշխատանքի հատուցումն ստացել են.

Երբ Լուսինեն «Սուրբ Սուրբն» էր երգում, նկատեցի, թե ինչպես մի գեղջուկ կին գլխաշորի ծայրով արցունքներն էր սրբում: Դրանից էլ մեծ հատուցո՞ւմ: Ո′չ մի գրախոսություն, հոդված, մենագրություն դրան չի կարող փոխարինել: Ժողովուրդն զգում էր, որ այդ երաժշտությունը հոգու խորքից է գալիս:

Ովքեր լսել են Լուսինեին Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում, ասում են, որ երգչախմբի այդ անկյունում կարծես թե մի մոմ ավելի էր վառվում. այդտեղից  հոգու լույս էր սփռվում: Նա կարծես չէր երգում, այլ երգի միջոցով իր անկեղծ սրտի աղոթքն էր ուղարկում առ Աստված: Պարույր Սևակի խոսքերն են՝ «Լուսինեն ոչ թե երգում է, այլ աղոթում»:

Նշենք, որ տուն-թանգարանում Լուսինե Զաքարյանի իրերի ու լուսանկարների կողքին նաև երգչուհու մասին պատմող գրքերն էին: Դրանցից առաջինը դեռևս Լուսինեի ստեղծագործական գործունեության բուռն շրջանում գրականագետ Կարլեն Դանիելյանի հեղինակած և 1981 թվականին հրատարակված «Լուսինե Զաքարյան» աշխատությունն է: Երգչուհու մահից հետո Խորեն Պալյանի և բանասեր Լիդա Գևորգյանի կողմից կազմվում և 1999 թվականին հրատարակվում է «Լուսինե» ժողովածուն: 2015 թվականին լույս է տեսնում անզուգական երգչուհու մասին պատմող 3-րդ գիրքը՝ Սերգեյ Մանվելյանի աշխատասիրությամբ հրատարակված «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն: