Գրեթե ամեն րոպե կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հետիոտները խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլև վարորդների կյանքը։

ԱՆՅԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ

ArmeniaON, հունիսի 2. Թե որքանով են հետիոտները հետևում երթևեկության կանոններին, փորձեցինք պարզել հենց նրանցից։ Շատերը խոստովանեցին, որ հաճախ ստիպված են լինում չնախատեսված տեղով անցնել ճանապարհը:

-Ճիշտն ասած, երբեմն անցնում եմ, որովհետև շատ տեղերում նույնիսկ չկան նշագծեր: Հատկապես երբ շատ եմ շտապում, չեմ կարող երկար քայլել ու հասնել անցումին, և ստիպված անցնում եմ անթույլատրելի տեղերով։

Շատերը, իհարկե, գիտակցում են, որ անհրաժեշտ է անցնել նախատեսված հատվածներով՝ հետիոտնային անցումներով: Սակայն երթևեկության կանոններին հետևելը պարզապես հասարակության գիտակցական մակարդակի հարց է:

-Աշխատում եմ անցումներով անցնել, որովհետև վտանգը մեծ է, մանավանդ, մեր քաղաքում ահավոր արագ են վարում ու կարող ես չհասցնել անցնել։

– Աշխատում եմ խախտումներից խուսափել, բայց երբ շտապում եմ կամ աշխատանքից եմ ուշանում, լինում է նաև, որ խախտումներ անում եմ։

– Աշխատում եմ հիմնականում փողոցներն անցնել թույլատրելի հատվածով, քանի որ այդպես անվտանգ է, համ էլ խախտում չեմ անի։

Թեև կարգազանց հետիոտնի համար սահմանված է տուգանք 3000 դրամի չափով, ոստիկանները հաճախ պարզապես միայն զգուշացնում են և հորդորում խուսափել խախտումներ կատարելուց։

– Գործը հիմնականում տուգանելուն չի հասնում, փորձում ենք ըմբռնումով մոտենալ, քաղաքացիները պետք է հասկանան, որ այս ամենը իրենց անվտանգության համար է արվում։

Ըստ​ վիճակագրության՝ Հայաստանում ճանապարհատրան­սպորտային պատահարների ժամանակ հաճախ գրանցվում են հետիո­տնի վրաերթեր, որոնք, ցավոք, նաև մահվան ելքով են ավարտվում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խախտումներ չանել, քանի որ հետևանքները կարող են ճակատագրական լինել։