Ինչպե՞ս են անդրադառնում երեխայի հոգեբանության վրա բռնությունն ու վատ վերաբերմունքը դպրոցում: ArmeniaOn-ի հետ զրույցում հարցին անդրադարձել է Երեխաների հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան-մասնագետ Լիլիթ Սայադյանը։

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 

ArmeniaOn, հունիսի 3. Շատ հասարակություններ, մասամբ նաև հայ հասարակությունը, երեխաներին դաստիարակելու նպատակով խրախուսում են ֆիզիկական պատիժը։ Շատ մշակույթներում այն դեռևս լայնորեն տարածված է՝ ներառելով երեխաների բոլոր տարիքային խմբերը, երբեմն նաև կանանց։

Առանց ապտակի մեծացած երեխան լավ մարդ չի դառնա

Մարդկանց ընկալումները բռնության վերաբերյալ շատ տարբեր են և միանշանակ չեն։ Այս առումով առանձնացնում են ընտանեկան բռնություն, բռնություն դպրոցում կամ կրթական հաստատությունում, ուր երեխան հաճախում է։ Երբ խոսում ենք երեխայի հանդեպ բռնության մասին, պետք է հասկանալ ուժի դիտավորյալ գործադրումը՝ սպառնալիքի կամ գործողության միջոցով, անհատի կամ խմբի կողմից՝ ի վնաս երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության։ Երեխայի հանդեպ վատ վերաբերմունքը ներառում է հոգեբանական բռնության բոլոր ձևերը մինչև անտեսում և շահագործում։ Նման վերաբերմունքը նախ վիրավորում է երեխայի արժանապատվությունը։ Ի դեպ, բռնության այս տեսակները հանդես են գալիս միասին։

Ոմանց կարծիքով, բռնությունը կա և կլինի հասարակության, ինչպես նաև դպրոցի անբաժանելի մասը, և հասունացման ընթացքում դա սովորական մի փուլ է։ Բռնությունն ու կոպիտ վերաբերմունքը կոփում են և հարստացնում կյանքի փորձը:

Այսպիսի ընկալումն է պատճառը, որ դպրոցում ծաղրը, հալածանքը ու բռնությունը հասարակությունը հանգիստ է ընդունում, սակայն դժվար է պատկերացնել, թե որևէ դպրոցականի համար այս երևույթները բնական են համարվում։ Մինչդեռ լիարժեք կյանքով ապրելու պարտադիր պայման են սերը, միմյանց նկատմամբ հարգանքն ու վստահությունը։

Հոգեբան Լիլիթ Սայադյանը ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառումը համեմատում է ընտանեկան բռնության հետ:

-Բռնության կիրառումը տանը ընդգրկում է ծնող-երեխա փոխհարաբերությունները, իսկ դպրոցում՝ ուսուցիչ-աշակերտ և աշակերտ-աշակերտ փոխհարաբերությունները։ Երկու դեպքում էլ երեխան ենթարկվում է հարկադրանքի կամ ճնշման։

Դպրոցում երեխայի նկատմամբ բռնությունը կարող է հանգեցնել սխալ սոցիալականացման գործընթացի։ Առհասարակ, դպրոցահասակ երեխայի համար հասակակցի կարծիքը կարևոր է: Հասակակիցների ծաղրանքն ու ճնշումը երեխան կարող է ավելի ծանր տանել, քան տանը ընտանիքների անդամների կողմից կիրառված բռնությունը։ Դպրոցական հասակում ընտանիքի ազդեցությունը երեխայի վրա ավելի քիչ է, քան ուսումնական հաստատության, ուստի դպրոցում կիրառվող բռնության դեպքերը կարող են ավելի ծանր հետևանքներ ունենալ։

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան դպրոցում ենթարկվում է բռնության

Եթե երեխան չի ցանկանում հաճախել դպրոց, ապա, ամենայն հավանականությամբ, այնտեղ ենթարկվում է բռնության:

Երեխաները սկզբնական շրջանում հաճույքով են հաճախում դպրոց, սակայն երբ ծնողը տեսնում է, որ երեխային չի ոգևորում դպրոց հաճախելու միտքը, նշանակում է նա այնտեղ կոնֆլիկտ ունի հասակակիցների կամ ուսուցիչների հետ։ Ծնողները նախևառաջ պետք է հասկանան, թե ում հետ է կապված տարաձայնությունը։ Ուսուցիչները հաճախ ճիշտ մոտեցում չեն ցուցաբերում երեխաների նկատմամբ: Օրինակ` նրանց կողմից երեխաների միջև համեմատություններ անցկացնելը կարող է հանգեցնել ինքնագնահատականի իջեցման։ Երեխաներն էլ այս տարիքում հաճախ սիրում են ծաղրել ընկերներին։ Այս հանգամանքները կարող են երեխային ստիպել հրաժարվել դպրոց հաճախելուց։

Ուսուցիչը հաճախ ուզում է կառավարել երեխային՝ իշխանությունն ընդգծելու համար

Երեխաների հասցեին կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնելը հաճախ պայմանավորված է ուսուցչի` դասարանը կառավարելու անկարողությամբ: Դպրոցական տարիքի երեխաները հաճախ համբերատար չեն, ըմբոստ են: Ուսուցչի կարծիքով, հոգեբանական բռնությունը կարող է հնազանդեցնել դասարանն ու երեխաներին։ Ուսուցիչը հաճախ հոգեբանական ճնշման է ենթարկում երեխային անտեսելու, հեգնելու և ծաղրելու միջոցով։ Մինչդեռ ուսուցիչը կարող է դրական տարբերակման շնորհիվ դասարանում ստեղծել առողջ մրցակցություն և երեխայի ընդունակություններն ընդգծելով` դրական ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանության վրա։

Բռնության ո՞ր եղանակներն են կիրառվում հայկական դպրոցներում

Դպրոցներում գրեթե բացակայում է ֆիզիկական բռնությունը երեխաների նկատմամբ։ Ուսուցիչը գիտի, որ այդ դեպքում կարող է ենթարկվել պատասխանատվության։ Սակայն հոգեբանական բռնությունը տեսանելի չէ. տնօրինությունը պետք է հետևի ուսուցչի աշխատանքին։ Բոլոր դեպքերում ուսուցիչները պետք է հանդուրժող ու համբերատար լինեն։

Ինչպե՞ս խուսափել բռնությունից

Դպրոցներում պետք է ակտիվորեն աշխատեն հոգեբանները և տնօրինությունը։ Պետք է տեղյակ լինել մանկավարժների պատրաստվածության մակարդակին: Ուսուցիչը պետք է իմանա, որ կան որոշ առանձնահատկություններ ունեցող երեխաներ, և նրանցից յուրաքանչյուրին պետք է ցուցաբերել առանձին մոտեցում։ Պետք է ակտիվ աշխատի ընտանիքի ինստիտուտը՝  երեխան պետք է ընտանիքի անդամների կողմից իրեն պաշտպանված զգա: Պետք է բացառել ընտանեկան բռնությունը. երբ երեխան տանը ենթարկվում է բռնության, այս սոցիալական խմբում բռնությունը համարում է օրինաչափ և սովորական։ Երեխան չպետք է ներկայանա զոհի կերպարով, դա կարող է ազդել երեխայի ընդհանուր զարգացման վրա։