«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տարիներ շարունակ իրացվել է անչափահասների պարտադիր հանրակրթության իրավունքը, սակայն 2014 թվականից դպրոցն օպտիմալացվել է՝ հիմք ընդունելով անչափահաս ազատազրկվածների թվի նվազումը: Դա էլ իր հերթին պայմանավորված է պատժի այլընտրանքային կիրառմամբ, այլ կերպ ասած՝ պրոբացիայով: 

ArmeniaON, հունիսի 3. Թեև հանրապետությունում գործել է պրոբացիոն ծրագիրը, կալանավայրում եղել են անչափահաս ազատազրկվածներ, որոնք, սակայն, հանրակրթություն ստանալու իրավունքից փաստացի երեք տարի զրկված են եղել: Խնդրին անդրադարձել է Ամալյա Պապյանն իր «Բանտարկված կրթություն» ֆիլմում:

Այս բացը լրացնելու համար Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ը մինչև 2017-2018 ուսումնական տարին գեղագիտական և արհեստագործական ծրագրերում կատարել է փոփոխություն և դասավանդել նաև հիմնարար առարկաներ, այդ թվում`տարրական գրագիտություն է սովորեցրել:

Իրավիճակն ավելի է սրվել վերջին ուսումնական տարում, երբ թվում է, թե խնդիրը լուծված էր: ՊՈԱԿ-ը, որն իր գեղագիտական ծրագրում երկու տարի շարունակ ներառել էր հանրակրթության տարրեր, չի իրականացնում տվյալ ծրագիրը՝ սպասելով արդեն հաստատված ֆինանսավորման Կրթության և գիտության նախարարության կողմից, որով Քրեակատարողական հիմնարկներում պիտի մեկնարկեր անչափահասների կրթության լիարժեք ծրագիր:

Կրթության նախարարությունը արտոնագիր է տրամադրել վերոնշյալ ՊՈԱԿ-ին 2018-2020 ուսումնական տարիների համար՝ բյուջեից հատկացնելով 9 միլիոն 632 հազար դրամ, այդ պահի հաշվարկով՝ երեք անչափահաս ազատազրկվածի համար: Գումարը կա, փոխանցումը՝ ոչ:

Մանրամասները՝ Ամալյա Պապյանի «Բանտարկված կրթություն» ֆիլմում