«Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը»… Այս գրքերը կարող եք գտնել յուրաքանչյուր գրախանութում: Դավիթ Սամվելյանը պատմում է, որ գրող դառնալու ցանկություն չի ունեցել, իսկ գրածները սկսել է հրատարակել շատ անսպասելի:

ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ 

ArmeniaON, հունիսի 2. Դավիթ Սամվելյանը գրող լինելը մասնագիտություն չի համարում, որովհետև վաստակած գումարով դժվար է ապրել: Այս ամենի հետ մեկտեղ լուրջ է վերաբերվում գրելուն, ոչ մի գործ անավարտ չի թողնում, ատում է կիսատությունը:

Սիրում էր կարդալ և շատ էր կարդում: Սիրահարվածության հետ մեկտեղ կարդալը նրան շատ օգնեց գրելու հարցում: 1996-ից հետո (նրա առաջին գրելու փորձն էր) գրեց 2005 թվականին: Այս անգամ արդեն ստեղծագործությունը տպագրվեց: Իսկ գրելու առիթը էլի սերն էր:

– Էլի սիրահարված էի, և գրելու ցանկություն արթնացավ: Գրածիս տառասխալներն ուղղելու նպատակով տարա «զամդեկանի» մոտ: Նա մասնագիությամբ բանասեր էր: Ասաց, որ դա պետք է տպվի համալսարանական թերթում: Սկզբում մերժեցի` ասելով, որ ամոթ է:

Ասում է, որ իր կյանքում ամեն տարիք իր բարդույթն է ունեցել: Անգամ խոսում է ժամանակին փողոցում «աղջիկ խոսեցնելու» մասին։

– Հետո հասկացա՝ ինչն է դրա պատճառը: Դու վախենում ես մերժվելուց և վախենում ես կորցնել այն, ինչ իրականում չունես,– անկեղծանում է գրողը:

Դավիթ Սամվելյանը իր գրածները բաժանում է երկու մասի. մի մասը կարելի է սիրային համարել, իսկ մյուսները կրոնական, հասարակական թեմաներով են: Ամեն դեպքում Դավիթը հրաժարվում է իրականությունն ամբողջությամբ պատկերելուց:

Եթե մենք մեր զգացածը կամ ապրածը միշտ ներկայացնենք այնպես, ինչպես կա, մենք ծիծաղելի իրավիճակներում կհայտնվենք: Պետք է խոսքը գեղարվեստական դարձնել: Գրողը իր հերոսին օժտում է որոշակի հատկանիշներով, որոնք, հնարավոր է, իրական կյանքում նա չունի: Այնպես, ինչպես նամակ գրելիս, երբ մենք ասում ենք ավելին, քան կասեինք, եթե հասցեատիրոջ դիմաց լինեինք:

Դավիթի ստեղծագործություններում կապույտը գերիշխում է: Գրողը խոստովանում է, որ դա իր համար մանկության և անսահմանության խորհրդանիշն է: Իսկ սիրած աղջկան նկարագրում է կաթնագույնով:

– Կաթնագույնն իմ մտապատկերում միշտ զուգորդվում է երեխայի հետ: Այն միջին օղակ է մի քանի գույների միջև, ո՛չ սև է, ո՛չ սպիտակ, ո՛չ մոխրագույն: Այն հանգստացնող երանգ է: Եթե սպիտակին շատ նայես, աչքերդ կցավեն, իսկ կաթնագույնին անընդհատ ուզում ես նայել, կաթնահոտն էլ միշտ ուզում ես շնչել։

Դավիթը համամիտ չէ, որ գրականությունը պետք է արտացոլի միայն իրականությունը: Նրան նաև դուր չի գալիս այն, որ հիմա բոլորը փորձում են գրել, կարծում է, որ գրելը հերոսություն չէ:

– Լինում են երկու տեսակի մարդիկ` մտածող և չմտածող: Ես չեմ կարող չմտածել: Կան նաև ստեղծող և սպառող մարդիկ: Ես չեմ կարող միշտ սպառել, որովհետև այդպես ինձ կհամարեմ հասարակության ոջիլ:

«Այնպես պետք է գրել, որ քո ներանձնականից դուրս գաս, որ կարդացողը մտածի, թե իրեն է դա վերաբերում». այսպես է մեկնաբանում գրողն իր պատկերացրած գրականությունը: Դավիթը խոստովանում է, որ «Արտագաղթած կարոտը» գրվել է երկու տարվա ընթացքում: Այդ ընթացքում նա երբեք սիրահարված չի եղել, իսկ գրքի հերոսուհին՝ Ասթինը, հորինված կերպար է:

 –Բոլորն էլ ինչոր ազդակներ են ստանում շրջապատող աշխարհից, բայց պիտի ֆիլտրես այդ ամենը: Պահի ազդեցության տակ գրածին դու պիտի վաղը ուրիշ աչքով նայես: Եթե դու պահպանում ես այդ պահի զգացածը, ուրեմն դա գրականություն չէ:

Դավիթ Սամվելյանն ասում է, որ գրականությունը պետք է ուսուցանող լինի, փոխի ձանձրալի առօրյան և կտրի իրականությունից: Նա կարծում է, որ հիմա խնդիրը սխալ հերոսներ ընտրելն է:

– Միշտ գրականությունը հերոսներին է գովել: Մարդուն մի սիմվոլ է տվել, և մարդն էլ ձգտել է նրան նմանվել: Մեր գրողներից մեկն ասում է. «Մեր հասարակության մեջ լուրջ մարդ չկա՞, որ դուք «բոմժերին», նվաստացածներին եք անդրադառնում»: Ես համամիտ եմ նրա հետ: Ստեղծում եք կերպար և փորձում եք կյանքն իր տեսանկյունից ներկայացնել:

Ըստ Դավիթ Սամվելյանի` հիմա մենք ունենք հիվանդ հասարակություն` մտածելակերպի, գաղափարական և պահվածքի առումով: Ֆեյբուքում անվերջ ստատուսներ գրողին էլ համարում է մեկը, որի կարծիքը դպրոցում չեն ընդունել, և հիմա նա այդ հարթակում է ցանկանում ինքնահաստատվել:

Իմ սիրած գրքերից մեկը «Այն նույն Մյունհաուզենն» է: Այնտեղ այսպիսի խոսքեր կան. «Ժպտացե՛ք, ընկերներ, ժպտացե՛ք: Կյանքում բոլոր վատ բաները կատարվում են լուրջ դեմքով»: Իսկ ես ասում եմ. «Մի՛ ժպտացեք, ժողովուրդ, մի՛ ժպտացեք: Դուք ձեր վատ մտքերը, հիմարությունները, դավադրությունները թաքցնում եք ժպիտի տակ»: Կարծում են` եթե ժպտացին, ուրեմն ամեն ինչ մոռացվեց ու գնաց: Մի ժամանակ դրան ասում էին ամերիկյան կեղծ ժպիտ, և այն նորություն էր մեր հասարակության համար: Իսկ հիմա շատացել է: Ինչպես իմ էսսեում եմ գրել, «իստների» և «-գետների» երկիր է դարձել, որովհետև բոլորը «եսիմինչիստ» են, «եսիմինչաբան» են, «եսիմինչագետ» են ու դրսից գալիս են, որ մեզ ճիշտ ապրել սովորեցնեն: