Դիմահարդարի մասնագիտությունն այսօր ամենանորաձև ու պահանջված  մասնագիտություններից է: Մեր հերոսուհին ընդամենը 17 տարեկանում արդեն հայտնի և պրոֆեսիոնալ դիմահարդար է: Իր հաջողության գրավականներից մեկը սոցիալական հարթակներն են, մասնավորապես, ինստագրամը:

ՕՖԵԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 ArmeniaON, հունիսի 2. Մեր նախնական զրույցում պարզ դարձավ, որ Շահանե Մկրտչյանը դիմահարդարի աշխատանքով զբաղվում է 16 տարեկանից:

– Հիմա 17 տարեկան եք և ինստագրամում բավական ճանաչում եք ձեռք բերել Ձեր աշխատանքներով: Խնդրում եմ պատմեք` ինչո՞վ գրավեց դպրոցական աղջկան այս մասնագիտությունը:

– Դիմահարդարմամբ սիրել եմ զբաղվել դեռ մանկուց: Նայում էի տարբեր հայտնի դիմահարդարների աշխատանքներ և մտածում էի, որ եթե ես լինեի դիմահարդար`ավելի նուրբ կաշխատեի: Վրձիններով միշտ սիրել եմ աշխատել թե՛ դպրոցում, թե՛ տանը: 16 տարեկանում հանդիպեցի Ռուզաննա Սարգսյանին, որն էլ ինձ սովորեցրեց մասնագիտության գաղտնիքները: Սովորելուց և վերապատրաստվելուց անմիջապես հետո բացեցի ինստագրամյան էջս, որը սպասվածից լավ արդյունք տվեց:

– Ձեր ինստագրամյան էջը բավական ակտիվ եք պահում: Նկատեցի, որ Ձեր աշխատանքները տեղադրելուց բացի` նաև ուսուցողական գրառումներ եք կատարում: Դա հետևորդների՞ ցանկությունն է, թե Ձեր մտահղացումը, որն արվում է հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

– Երևի իմ ակտիվությամբ է պայմանավորված, որ կարճ ժամանակում ունեմ 4000-ից ավելի հետևորդ: Բացի դիմահարդարումից, զբաղվում եմ նաև «բուկետների» էջով, պատրաստում եմ գեղեցիկ և համեղ «բուկետներ»: Մտահղացումը իմն էր, քանի որ շատ էին գրում, թե ինչ դիմակներ ու տոնային կրեմներ օգտագործենք, ես էլ որոշեցի գրել օգտակար խորհուրդներ, որը բոլորին հասանելի կլինի:

– Կարծում եմ` եղել են դեպքեր, երբ Ձեզ ցույց են տվել հայտնի մարդու լուսանկար և ցանկացել հենց այդպիսի դիմահարդարում ունենալ: Եթե, ըստ Ձեզ, նման դիմահարդարումը համապատասխան չէ տվյալ մարդու դիմագծերին, անում եք այն, ինչ ցանկանում է հաճախո՞րդը, թե՞ այլ խորհուրդ եք տալիս:

-Այո, շատ են եղել: Նման դեպքերում հաճախորդի հետ միասին փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի դիմահարդարումը կհամապատասխանի նրա դիմագծերին, ինչպես նա ավելի գեղեցիկ կլինի:

– Օրեր առաջ եք ավարտել դպրոցը: Որոշել եք կրթությունը շարունակե՞լ, թե մտածում եք, որ ունեք աշխատանք, և դա բավական է:

– Որոշել եմ շարունակել հոգեբանության ուղղությամբ:

-Ինչո՞ւ հենց հոգեբանություն: Կապ ունի՞ դա Ձեր աշխատանքի հետ, թե դա մեկ այլ նախասիրություն է:

-Այո, կարծում եմ կապ ունի մասնագիտությանս հետ, քանի որ աշխատում եմ տարբեր մարդկանց հետ և պետք է հասկանամ իրենց հոգեվիճակը: Սիրում եմ շփվել մարդկանց  հետ, սիրում եմ ճանաչել իմ հետևորդներին, իմ հաճախորդներին: Բոլորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք եմ ցուցաբերում և կարծում եմ՝ դա շատ է գնահատվում բոլորի կողմից:

Շահանեն խորհուրդ է տալիս աղջիկներին դիմահարդարվել գրագետ, չչարաշահել դիմահարդարումը  և չմոռանալ, որ ամեն բան չափի մեջ է գեղեցիկ: