«Այստեղ և հիմա» կարգախոսով է առաջնորդվում մեր հերոսը՝ դերասան Հարություն Կրիկյանը: Մասնագիտությամբ հոգեբան, իսկ դերասանական արվեստը հոբբիից առավել համարող երիտասարդը ապրում է ներկայով:  

ԱՆՅԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ 

ArmeniaON, հունիսի 3. «Անցյալի բացթողումներն ու ապագայի պլանները չպետք է խանգարեն ներկային»,- ասում է Հարությունը:

-Եթե զգում եմ, որ մի բան ինձ չի հաջողվում լավ անել, երբեք չեմ համարձակվի գնալ դրան: Դերասանությունն ինձ համար, կարելի ասել, հոբբի է, հոբբիից էլ առավել:  

Դեռ վաղ տարիքից աշխույժ է եղել և, ինչպես ինքն է նշում, նույնիսկ շատ չար:

-Ահավոր չար երեխա եմ եղել: Ողջ մանկությունս անցել է ծառերի վրա: Մի անգամ այնպես չստացվեց, որ աղի հրացանով ոչ հարմար տեղիս հարված կերա (ծիծաղում է): Մի քանի անգամ մահից եմ պրծել, բայց շատ հետաքրքիր մանկություն եմ ունեցել, այսօրվա երեխաների մանկությունը մի փոքր այլ է:

Ճակատագրական մարդիկ չեն եղել Հարություն Կրիկյանի կյանքում, պարզապես եղել են մարդիկ, որոնց շնորհիվ նա դարձել է այնպիսին, ինչպիսին այսօր կա:

-Միշտ ինքս եմ տնօրինել իմ ճակատագիրը, բայց եղել են մարդիկ, որոնց շնորհիվ շատ հաջողությունների եմ հասել, ինչի համար շնորհակալ եմ նրանց:

Հարությունի կարծիքով, ցանկացած վատ բան կարելի է հաղթահարել միայն սիրո շնորհիվ:

-Ամենամեծ հիասթափությունն անգամ, որ ունեցել եմ մարդկանցիցհաղթահարել եմ սիրով: Սերը իմ մեջ ահավոր շատ  է, ու ինչի հասել եմ, սիրո միջոցով միայն:

«Երբ տխուր ես, պարզապես ժպտալ է պետք». այս համոզմունքն ունի Հարությունը: Նյութականն իր համար երբեք չի կարող շահադրդող հանգամանք լինել: Նրա համար կարևորը ներկայի մեջ ապրելն է, կյանքը սիրելը, զգալը:

Իսկ ապրելու գլխավոր կարգախոսը Հարությունի համար երբեք չի փոխվում՝ «Այստեղ և հիմա»: Կարծում է, որ դա է երջանկության սկզբունքը, երջանկությունը պետք է լինի այստեղ և հիմա:

Դերասանական արվեստն ու հոգեբանությունը, ըստ մեր հերոսի, փոխկապակցված են:

-Եթե ես հոգեբան չլինեի, չուսումնասիրեի մարդու ներաշխարհը, երևի չէի կարողանա կերպար կերտել: Եթե դու ցանկանում ես որևէ կերպար հնարավորինս լավ մարմնավորել, ուրեմն այդ կերպարին բնորոշ բոլոր հատկանիշները պետք է զգաս քեզ վրա, ապրես նրա հոգեվիճակը: Հիմնականում միշտ բացասական դերեր եմ խաղում, ինչը ահավոր է: (ծիծաղում է):

Հարությունի կարծիքով, այսօրվա հասարակությունը շատ է հեռացել բնությունից, ինքն ամեն կերպ փորձում է մոտ լինել բնությանը: Հետաքրքիր հոբբիներ ունի:

-Հոբբիի նման ինչ-որ բան եմ իմ մեջ գտել: Օրինակ՝ ազատ ժամանակ շրջում եմ այգիներում և հավաքում եմ աղբը: Վերջերս նաև սկսել եմ ուսումնասիրել տիեզերքը:  Տիեզերքի անսահմանության առջև մեր կյանքում շատ բաներ այնքան փոքր են թվում: Հետաքրքիր է՝ մենք մի փոքր կյանք ունենք ու սիրում ենք այդ կյանքը ծանրացնել խնդիրներով:

Մինչդեռ Հարությունը բոլորովին այլ կերպ է ընկալում կյանքը:

Մենք բոլորս էլ նկար ենք՝ վառ գույներով: Ուղղակի, չգիտես ինչու, մենք սիրում ենք խամրեցնել մեր կյանքի գույները: Իսկ այն այնքան գունեղ է, վառ ու շատ սիրուն: Պարզապես պետք է նկատել:

Միակ խորհուրդը, որ մեր հերոսը տալիս է մարդկանց, սիրելն է, շա՜տ սիրելը և չչարանալը:

Գնահատե՛ք ձեր շրջապատը, հաճախ ասեք ձեր հարազատներին, որ սիրում եք: