Հայաստանի կառավարությունն ու «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը շարժվում են համաքայլ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Երևանում անցկացվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովում:

ՏԱԹԵՎՒԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaOn, հունիսի 4. Հայաստանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ողջ ղեկավարությունը: Երևանում անցկացվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին» մասնակցում են մասնավոր օդանավակայանների կառավարման աշխարհի մեծագույն ընկերություններից մեկի՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք ու աշխատակիցներ։

«Օդանավակայանների միջազգային խորհրդի» (ACI) ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը առանձնահատուկ կարևորեց գագաթնաժողովի անցկացման վայրը:

«Այս անգամ առիթը հատուկ է, որովհետև այն տեղի է ունենում Հայաստանում։ Սա ոչ միայն հնարավորություն է տարբեր երկրներից հավաքվելու և աշխատելու մի վայրում, այլև հասկանալու, թե Հայաստանն ինչքան կարևոր է մեզ ու մեր թիմի համար»:

Գագաթնաժողովի բացմանը ներկա հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը, իսկ Հայաստանի կառավարությունն ու «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը շարժվում են համաքայլ: Նա հատկապես կարևորեց այն ներդրումները, որոնք արվել են և դեռ արվելու են մեր երկրում։

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»:

Վարչապետի խոսքով, մյուս ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն է ունեցել, գինեգործությունն է:

«Հայաստանի Հանրապետությունում ոլորտին մեծ էներգիա հաղորդեց «Կարաս» ընկերության հիմնադրումն ու «Կարաս» գինու թողարկումը, ինչը, ըստ էության, Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ: Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը և Էռնեկյան ընտանիքին: Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է: Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, և համոզված ենք, որ կշարունակի ունենալ»:

Շեշտելով, որ օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ երկիրը անկախության առաջին օրերից կիսաշրջափակված է, Վարչապետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ձևավորված փոխադարձ վստահությունն ու ապագայի վերաբերյալ միասնական տեսլականը իրականություն կդարձնեն այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է:

«Շատ կարևոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, ինչն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը, ինչը շատ կարևոր է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար»:

Որպես համագործակցության հաջորդ ուղղություն՝ ոլորտի ներկայացուցչական այս հավաքում վարչապետ Փաշինյանը շեշտեց տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալները՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որպեսզի ի հայտ գան մրցունակ հայկական ավիափոխադրողներ:  Նա նաև նշեց, որ ընկերությունն իր հետ Հայաստան է բերել բիզնեսի, տնտեսվարման նոր մշակույթ:

«Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետև շատ լավ նորություն է, որ օդանավակայանը, ըստ էության, հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին: Մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»:

Քանի որ ընկերությունը Հայաստանում մեծ հաջողություններ է արձանագրել,  Մարտին Էռնեկյանը վստահեցրեց, որ շարունակելու են զարգացնել «Զվարթնոց» օդանավակայանը և աջակցել երկրի տնտեսությանը։

«Նոր կառավարության հետ աշխատելու ենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները սահմանելու ուղղությամբ»։

Մարտին Էռնեկյանն անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի ցավոտ խնդրին՝ խոստանալով այն պահպանելու հնարավորություն ստեղծել։ Իսկ «Շիրակ» օդանավակայանը, նրա խոսքով, գրեթե պատրաստ է վերանորոգման։

Գագաթնաժողովը կշարունակվի մինչև հունիսի 6-ը: Օդանավակայանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան փոխանակելու ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձը, քննարկելու ոլորտի առջև կանգնած մարտահրավերները, առաջարկելու լուծումներ ու նորարարական մոտեցումներ:

Նման ձևաչափով հանդիպումներ ընկերությունը կազմակերպում է 2014 թվականից` տարբեր երկրներում: «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհի մեծագույն ընկերություններից է մասնավոր օդանավակայանների կառավարման առումով և աշխարհում տասներորդն է ուղևորների սպասարկման առումով: