Երևանում ցուցադրվեց «Դիրիժորի դիմանկարը» ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին: Նա առաջին հայ դիրիժորն է, որի մասին Mezzo հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է նկարել:

ArmeniaON, հունիսի 7. Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» 25 րոպե տևողությամբ ֆիլմը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիմանկարն է, որպես երաժիշտ նրա անցած ուղին: Դիրիժորը պատմում է, թե ինչպես 18 տարեկանում առաջին անգամ կանգնեց դիրիժորական վահանակի առջև և հասկացավ, որ դիրիժորությունը իր երազանքի մասնագիտությունն է:

Ֆիլմը պատմում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության մասին, ներկայացնում համաշխարհային բեմերում Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2018թ. Գերմանիայում, երբ Սերգեյ Սմբատյանը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Բեռլինի հռչակավոր ֆիլհարմոնիայում հանդես էր գալիս համատեղ համերգով:

Ֆիլմը Երևանում ներկայացնելու համար Հայաստան էր ժամանել Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Mezzo-ի հեռուստաբովանդակությունը տարածվում է աշխարհի ավելի քան 60 երկրում և ունի ավելի քան 60 միլիոն բաժանորդ։

«Մենք ուրախ ենք Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու համար, ուրախ ենք նաև վավերագրական ֆիլմ նկարահանելու համար այն մարդու մասին, որը դիրիժորական արվեստում է 18 տարեկանից։ Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ նոր տաղանդավոր արտիստների, որոնք արժանի են դրան։ Սերգեյ Սմբատյանի մասին ֆիլմը ցուցադրվել է 60 երկրում, և դեռ հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- ասաց Կոնստանս Պանքրազին։