Այսօր Դիլիջան քաղաքում մեկնարկել է ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»:

ArmeniaON, հունիսի 8. Այս տարի առաջին անգամ ամենամյա «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») անցկացվում է ոչ թե Ֆրանսիայի Շամոնի քաղաքում, այլ Հայաստանում: Փաստորեն Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: Իսկ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։ Նրանց թվում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան, Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Մասնակցելով գագաթնաժողովի բացման արարողությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառումը Հայաստանի Հանրպետությունում անցկացնելու համար: Նա մարդկային միտքը համարել է կարևոր ու շրջադարձային երևույթ,  որը կերտել, ստեղծել է մեր իրականությունը: Իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է.

«21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի և մտքի զարգացման դար է, և այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է, նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը»: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» համարել է շատ կարևոր հարթակ՝ քննարկելու աշխարհում առկա մի շարք խնդիրների, անորոշությունների լուծումներ:

Նա «Մտքերի գագաթնաժողովը» համեմատել է Նոյյան տապանի հետ, որով նոր սկիզբ էր դրվել.

«Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես տեսնում եմ ջրհեղեղի նշաններ շատ տեղերում, տեսնում եմ ջրհեղեղի նշաններ մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ կան ջրհեղեղի նշաններ, և մենք ինչ-որ բան սխալ ենք անում»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար այդ հարթակում շատ կարևոր է լսել, թե ինչ է ասում աշխարհը: Նա ակնկալում է «Մտքերի գագաթնաժողովից» ստանալ մի շարք հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել, ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ։  Նրա խոսքով՝ շատ կարևոր է  իմանալ, թե որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, ինչպես նաև շատ կարևոր է ունենալ մեծ ծրագիր և գծել մեր ուղին, իմանալ՝ ինչ ու ինչպես անել։

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովը» համարել է նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից, մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից եկած 200-300 մարդ մտածում է մոլորակի ապագայի մասին:

Նախագահի կարծիքով՝ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա Հայաստանի մասին, իսկ Հայաստանն էլ՝ աշխարհի։  

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ կկատարվի Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն:

Միջոցառումը կավարտվի հունիսի 9-ին:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է:

armenpress.am

Լուսանկարները՝ shantnews.am, lragir.am, president.am