Հրդեհի մարման աշխատանքներին, Թումանյանի հրշեջփրկարարական ջոկատից բացի, մասնակցել է ողջ գյուղը:

ArmeniaON, հունիսի 9. Երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 19։00-ի սահմաններում, խոշոր հրդեհ էր բռնկվել Հաղպատի վանական համալիրի վանահոր կացարանում: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով և կարճ ժամանակում տարածվել է:

Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ը, հրդեհի մարման աշխատանքներին, Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից բացի, մասնակցել է ողջ գյուղը: Փրկել են վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու այն ամենը, ինչ հնարավոր էր փրկել։ Եկեղեցու որմնանկարները վերականգնող մասնագետներն էլ, որ ժամանակավոր բնակվում էին վանատանը, կարողացել են փրկել իրենց իրերը:

Տեղում աշխատել է 4 մարտական հաշվարկ: Բոլոր ուժերը մոբիլիզացվել են հարակից շենք-շինությունները փրկելու ուղղությամբ:

Հավաքված մարդիկ սրտի ցավով էին նայում այրվող վանատանը: Կառույցը, որը ժամանակին ծառայել է նաև որպես դպրոց, 1936 թվականի շինություն էր:

Մոտ երկու ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների շնորհիվ հաջողվել է չեզոքացնել հրդեհի տարածումը, սակայն շենքն ամբողջությամբ այրվել է: