Հայաստանյան իրականության հետաքրքիր դրվագներից մեկը արդեն հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնն է: Այն իսկական իրադարձություն է հատկապես հեղինակային երգի սիրահարների և ստեղծագործող երիտասարդության համար:

ArmeniaON, հունիսի 10. «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման կազմակերպած միջոցառման նպատակը այս ինքնատիպ ժանրը զարգացնելն ու տարածելն է, այն հանրության ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելը, մշակութամերձ մարդկանց համար հետաքրքիր ժամանց ապահովելը, երիտասարդ ու ասելիք ունեցող հեղինակ-կատարողների`բարդերի հայտնաբերելն ու ոգևորելը:

Անշուշտ, պակաս կարևոր չեն նաև հանդիսատեսի ներկայությունն ու աջակցությունը: Մրցութային փուլին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, որոնք երգի հեղինակ են, իրենք են կատարում իրենց երգը և իրենք էլ նվագակցում են կիթառով։

«Հուսո առագաստ»-2019-ի հայտերի ընդունումն արդեն սկսվել է: Այն կտևի մինչև հուլիսի 1-ը: Այնուհետև բոլոր հայտ ներկայացրած անձինք կհրավիրվեն լսումների, որից հետո ժյուրիի կողմից ընտրված տասը լավագույնները փառատոնին մասնակցելու հայտ կստանան:

Փառատոնի հիմնական ու եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 19-21-ը Սևանում՝ Շորժայի WishUp լողափում:

Այս տարի ևս երեք օր շարունակ բնության այս գողտրիկ անկյունում, մեծ խարույկի կողքին, լավագույն տասնյակի հետ ելույթ կունենան անվանի բարդեր, տարբեր տարիների փառատոներում աչքի ընկած երիտասարդներ, կկազմակերպվեն դուետ-կատարումներ և այլն:

Նշենք, որ արդեն երրորդ տարին է՝ փառատոնը միջազգային է և հյուրընկալում է նաև արտերկրից ժամանած հեղինակ-կատարողների: Փառատոնի մասնակիցների եռօրյա կեցությունն ամբողջությամբ ապահովում են կազմակերպիչները:

Իր մեկնարկից ի վեր ամենամյա փառատոնն արդեն բեմահարթակ է տրամադրել 40-ից ավելի սկսնակ հեղինակ-կատարողների: Այսօր նրանցից շատերը մասնակցում են համերգների և նույնիսկ մենահամերգներով են ներկայանում:

Բարի ու բեղմնավոր ընթացք մաղթենք «Հուսո առագաստ»-2019-ին: