Սվետլանա Հակոբյանը փրկվեց՝ շնորհիվ 20ամյա դստեր և հայ ու ռուս բժիշկներից կազմված պրոֆեսիոնալ թիմի:

ArmeniaON, Հունիսի 10. «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմն այսօր տուն ճանապարհեց Հայաստանում բացառիկ համարվող լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկված  պացիենտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվետլանա Հակոբյանը, որն ամիսներ առաջ կորցրել էր ապրելու հույսը, փրկվեց՝ շնորհիվ 20-ամյա դստեր և հայ ու ռուս բժիշկներից կազմված պրոֆեսիոնալ թիմի: «Երեք տարի առաջ կոմայի մեջ ընկա, դրանից հետո բժիշկն ասաց, որ ունեմ հեպատիտ C: Աստծո կամոք հանդիպեցի Վիոլետա Ալբերտովնային և հրաշք թիմի,  որոնց շնորհիվ իմ մեջ արթնացավ ապրելու ցանկությունը»,- պատմեց Սվետլանան:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Երկու ամիս հիվանդանոցում անցկացրած հիվանդն իրեն լավ է զգում, սակայն դեռ շարունակելու է վերականգնողական փուլ անցնել:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վարիչ, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը հավաստիացրեց, որ դժվար փուլն արդեն հետևում է: «Հիմա արդեն շատ հեշտ կլինի և՛ հիվանդի, և՛ մեզ համար: Սա մեր առաջին նման վիրահատությունն էր: Տեխնիկապես բուժկենտրոնը պատրաստ է, բայց դեռ շատ ու շատ անելիքներ կան փորձ ձեռք բերելու առումով»,- նշեց նա՝ հավելելով, որ լյարդի փոխպատվաստում կատարելու համար արդեն երեք զույգ նախապատրաստական փուլում է:

«Արմենիկում» կլինիկական ծառայության ղեկավար, «Աստղիկ» բժշկական կենտրոնի լյարդաբան Վիոլետա Սարգսյանը երեք տարի առաջ է ծանոթացել Սվետլանա Հակոբյանի հետ: Ծանոթ լինելով հիվանդի սոցիալական ծանր պայմաններին՝ առաջարկեց նման վիրահատություն կատարել: «Եթե չլիներ նախարարության մարդասիրական օգնությունը, նրանք չէին կարող նույնիսկ հակավիրուսային բուժում ստանալ: Հակավիրուսային բուժումը բարեհաջող ավարտելուց հետո արդեն կարողացանք մտածել նաև փոխպատվաստման մասին»,- պատմեց նա:

Վիոլետա Սարգսյանի խոսքով՝ հիվանդը երեք տարի շարունակ հսկողության տակ է եղել «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, և ժամանակ առ ժամանակ ստացել է նաև ստացիոնար բուժում: Հիշում է, թե ինչպես են միասին կյանքին վտանգ սպառնացող բազում բարդություններ հաղթահարել՝ արյունահոսություն, լյարդային անբավարարություն, էնցեֆալոպատիայի նշաններ, և ի վերջո հասել են հաղթական ավարտի:

«Պետք է նոր առողջ լյարդով շարունակենք ապրել: Լյարդի ֆունկցիաների վերականգնման, լրիվ ապաքինման հետ կապված բոլոր խնդիրները դեռ հսկողության կարիք ունեն»,- ընդգծեց լյարդաբանը:

Ապրիլի 24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ առաջին անգամ կատարվեց բացառիկ վիրահատություն՝ լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից՝ ռեցիպիենտին. 20-ամյա դուստրը փրկեց 56-ամյա մոր կյանքը: