«Ոգեկոչենք մեր հերոսներին, որպեսզի իրենց ոգիները փառավորվեն, հանգստանան, իմանան, որ չեն մոռացվել»: Հենց այս խորհուրդն էր կրում հունիսի 9-ին Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում «Վերելք» միության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, հունիսի 11. Միության հիմնած այս տոնի ընթացքում հիշատակվում են պատմական այն ճակատամարտերը, երբ հայերը փոքրաթիվ ջոկատով հաղթել են հակառակորդի մեծաքանակ զորքին:

Զենքի պատմությունը հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է։ Մինչև ուշ միջնադար հայ տղամարդը միշտ զինակիր է եղել։ Զենքը եղել է նրա տարազի պարտադիր, անբաժան մասը, որը նա կրել է իբրև յուրօրինակ զարդ։ Այն եղել է հայ ընտանիքի կենցաղի մաս, ինչպես նաև ժողովրդական տոների անհրաժեշտ բաղադրիչ։ Օրինակ՝ Բարեկենդանի ժամանակ պարսատիկով թաղակռիվներ են կազմակերպվել։

Զենքի բովանդակության խորությունը հաստատում է նաև Ներսես Շնորհալին իր հանելուկով․

«Օձն փայտ է թևաւոր,                                                                                        Տուտն երկաթ է թունաւոր,                                                                                       Նա թռչելով խոցէ ի խոր,                                                                                        Զով հարկանէ մեռնի բոլոր»։

«Վերելք» միության հիմնադիր անդամ, գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանի խոսքով՝ միջոցառման վայրն ամեն անգամ փոխվում է, սակայն խորհուրդը պահելու համար միշտ ընտրում են որևէ բերդ, ամրոց: Այս անգամ ընտրել են Կոտայքի մարզ Կարմիր բերդը, որն 4000 տարվա պատմություն ունի։

«Տոնի նպատակն է այն է, որ մեր ժողովուրդը տարվա մեջ մեկ օր, Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ եղել են ճակատամարտեր, որտեղ կան բերդեր ու ամրոցներ, նշի այս տոնը։ Ոգեկոչենք մեր հերոսներին, որպեսզի իրենց ոգիները փառավորվեն, հանգստանան, իմանան, որ չեն մոռացվել։ Մյուս կողմից, դա մեզ է անհրաժեշտ՝ վերագտնելու և վերականգնելու համար այն ոգին, որը երբևէ ունեցել ենք, որովհետև Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ցանկացած պահի մեզանից կարող են պահանջվել նորանոր սխրագործություններ։ Եվ ո՞վ գիտե, գուցե 1000, 2000, 3000 տարի հետո էլի հավաքվեն հայերն այս տարածքում, որպեսզի հիշեն մեր հերոսներին, մե՛զ»։

Ապա Արծրուն Պեպանյանը հիշեց հայոց փառապանծ հաղթանակներից մեկը, երբ փոքրաթիվ հայոց զորքը հաղթանակ է տարել մեծաքանակ թշնամու հանդեպ:

«300 սպարտացիների մասին բոլորս գիտենք… գիտի ողջ աշխարհը, բայց քչերս գիտենք, որ եղել է համանման մի ճակատամարտ, որտեղ էլի 300, սակայն այս անգամ արդեն հայ հեծելազորայիններ կռվի են դուրս եկել իրենց երկիրը պատժելու եկած 7000-անոց բանակի դեմ և կարողացել են ոչ միայն կատարել իրենց խնդիրը՝ կասեցնել այդ 7000-անոց բանակի առաջընթացը, այլև փախուստի մատնել թշնամու մեծաթիվ զորքը՝ տալով շատ քիչ զոհեր»։

Խոսքը 480 թվականի մասին էր, երբ Հայաստանը Պարսկաստանի տիրապետության տակ էր, և պարսից Պերոս թագավորը հերթական անգամ որոշում է հայերին կրոնափոխ անել։ Իմանալով այդ մասին՝ հայերն ապստամբում են։ Ապստամբության ղեկավար են ընտրում Վասակ Մամիկոնյանին, հրամանատարներն էին Բաբկեն Սյունին, Ներսես և Հրահատ Կամսարականները, Ատոմ Գնունին, նրա եղբայրը։ Հայերն առանձնացնում են մի 300 հոգանոց ջոկատ, որը պետք է պայքարեր 7000-անոց զորքի դեմ: Եվ քանի որ բաց դաշտում 300 հոգով չէին կարող կռվել 7000-ի դեմ, մեր զորքը հետ է քաշվում մինչև Մասիսի փեշերը և պատսպարվում է Ակոռի գյուղի մոտակայքում՝ մի բարձր դիրքում։ Երբ թշնամու բանակը մոտենում է, հայոց զրահապատ հեծյալներն իջնում են բարձունքից և, շնորհիվ ռազմական տաղանդի, ձիերի թափի հաշվին շատ արագ գետին են տապալում զորքի առաջին շարքերը, սպանում թշնամու բանակի հրամանատարներին։ Առանց ղեկավարի մնացած բանակը նահանջում է և փախչում։ Այսպես՝ հայերը 300 հոգով կարողանում են չտեսնված հաղթանակ տանել 7000-ի դեմ։

Գրող-հրապարակախոսը խոստովանեց, որ հենց այս պատմությունը կարդալով է միտք հղացել զենքը փառաբանող մի տոն հիմնել, որը կանցկացվի հայոց հաղթանակով պսակված որևէ ճակատամարտի վայրում:

Միջոցառման ընթացքում հյուրընկալվել էին և ելույթներով հանդես եկան անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Ինչպես օրինակ՝ Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը, Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, տեղակատվական պայքարի մասնագետ, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանը, հեքիաթագետ Հայկ Կիրակոսյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը, խոսելով արցախյան ազատամարտի մասին, նշեց մի կարևոր ու հետաքրքիր փաստ․ «Ողջ արցախյան պատերազմի ընթացքում ոչ մարդկային քանակով, ոչ զինամիջոցներով երբևիցե ավելի չենք եղել, քան մեր հակառակորդը։ Նույնիսկ կարող ենք ասել, թե քանի անգամ նվազ է եղել և՛ մեր մարդուժը, և՛ մեր ունեցած միջոցները, բայց մենք գրանցել ենք հաջողություններ։ Մեր ամենակարևոր զենքը հայի նվիրումն է իր հայրենիքին, հայի ոգին է և վճռականությունը»։

Հայկ Կիրակոսյանը նշեց, որ զենքի մասին հիշատակությունների պակաս երբևէ չի զգացվել ո՛չ մեր ազգային էպոսում, ո՛չ ժողովրդական հեքիաթներում.

«Ունենք թուր, գուրզ, նետ, վահան, պարսատիկ, ձի, որոնք ռազմական նշանակություն ունեն։ Բայց կան նաև հրեղեն զենքեր, որոնք ունեն գերմարդկային, տիեզերական ծագում, որոնք տրվել են մեր «ջոջերին» ոչ հենց այնպես, այլ որոշակի պատրաստություն անցնելուց հետո։ Օրինակ՝ «Սասնա ծռեր» էպոսում Սանասարը Թուր Կեծակին և Քուռկիկ Ջալալին ստանալու համար մտնում է Կաթնաղբյուր»։

Հեքիաթագետ-էպոսագետ խոսքով՝ մեր հեքիաթներում և էպոսում են պահպանվում զենքի մասին լավագույն տեղեկությունները, պարզապես պետք է հետևենք ուղերձին»։

«Փա՜ռք բոլոր այն խենթերին, որոնք գիտեին հեգնել մահը, փա՜ռք այն հոգևորականներին, որոնք այնքան հոգևորական էին, որքան պետք էր ազգին։ Ինչպես ասում էր Վազգեն Առաջինը՝ ես քրիստոնյա եմ այնքան, որքան ծառայում եմ հայ ժողովրդին: Փա՜ռք բոլոր այն խենթերին, որոնք կարողանում են մեկ ակնթարթում ազգի ճակատագիր կերտել։ Ամեն սերունդ կամա թե ակամա հայոց պատմագրքում նոր էջ է ավելացնում: Այսօր նոր էջ է գրվում և, կախված նրանից, թե այս սերունդն ինչպիսի էջ կգրի, մեզնից հետո եկող սերունդն ինքն է որոշելու՝ ամոթից պատռել, դե՞ն նետել պատմության այդ էջը, թե՞ դարձնել մեր պատմության տիտղոսաթերթ»,- այսպես արտահայտեց իր հոգու ճիչը Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացված հայկական ավանդական կոխ ըմբշամարտի ցուցադրական ելույթը, ինչպես նաև «Կարին» և «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբերի ռազմապարերը մեկ անգամ ևս ապացուցեցին հայի ոգու անկոտրում ուժն ու զորությունը։