Ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվում են բոլոր այն արտակարգ դեպքերն ու պատահարները, որոնք տեղի են ունենում մեր կյանքում:

ArmeniaON, հունիսի 12. Արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունն այսօր ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Համաձայն այդ վիճակագրության` տարեսկզբից մինչև հունիսի 10-ը հանրապետությունում գրանցվել է 2097 թունավորում, զոհվել է 18, տուժել՝ 2341 մարդ: 2018 թվականի հունիսի 10-ի դրությամբ գրանցվել էր 1705 թունավորում, զոհվել էր 14, տուժել՝ 1876 մարդ: 2017 թվականի հունիսի 10-ի դրությամբ՝ 1701 դեպք, 25 զոհ, 2107 տուժած: Թունավորումների հիմնական պատճառներն են ալկոհոլը, սննդամթերքը, դեղորայքը, քիմիական նյութերը, շմոլ գազը, բնական գազը:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2384 հրդեհ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1314 հրդեհ, 2017-ին՝ 1658, 2016-ին՝ 1180 հրդեհ: Կրակի բաժին են դարձել բուսածածկ տարածքներ, աղբ, առանձնատներ, բնակելի շենքեր, տրանսպորտային միջոցներ, անասնակեր և այլն:

2016 թվականից Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է ջրահեղձումների եւ դրանից զոհերի քանակի նվազում. 2016-ին գրանցվել էր 22 ջրահեղձում, զոհվել էր 21 մարդ: Այս տարվա սկզբից մինչև հունիսի 10-ը հանրապետությունում ջրահեղձումից զոհվել է 5 մարդ:

Գրանցվել է օձերի խայթոցների 32 դեպք, զոհեր չկան, տուժել է 32 մարդ: 2017 թվականից արձանագրվում է օձերի խայթոցների դեպքերի եւ դրանից տուժածների քանակի նվազում. 2017-ին գրանցվել էր 124 խայթոց, զոհվել էր 2, տուժել՝ 122 մարդ:

Հովհաննես Խանգելդյանը ներկայացրել է նաև, թե ինչպես ճիշտ քայլել օձի հանդիպելիս:

Օձերը առավել վտանգավոր են ապրիլ-հունիս ժամանակահատվածում՝ իրենց զուգավորման և բազմացման շրջանում: Օձերի հանդիպելու հավանականությունը մեծ է բնության մեջ՝ լեռներում ու դաշտերում: Եթե օձը տուն է մտել, ապա պետք չէ փակել նրա նահանջի ճանապարհները և նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել և զանգահարել 911:

911tert.am