Մեր ընտրանին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց Հունաստանի հետ: Թեժ ու դրամատիկ խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով:

ArmeniaON, հունիսի 12. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում անցկացրեց 4-րդ տուրի իր հանդիպումը:

Մեր ընտրանին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց Հունաստանի հետ: Թեժ ու դրամատիկ խաղն ավարտվեց մեր հաղթանակով՝ 3-2:

Խաղի հաշիվը շատ արագ բացվեց: 8-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո դարպասապահի հետ մեն մենակ դուրս եկավ Ալեքսանդր Կարապետյանը և բացեց հաշիվը:

33-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը խփեց նաև երկրորդ գոլը: Գևորգ Ղազարյանը հիանալի գոլով կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ կեսում հույները շատ արագ տիրեցին նախաձեռնությանը և փորձեցին փրկել խաղը: Մի քանի վտանգավոր գրոհից հետո տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Զեկան:

Մեր հավաքականը, սակայն, դիմացավ ու պատվով ֆուտբոլ խաղաց: 74-րդ րոպեին էլ Տիգրան Բարսեղյանը խփեց մեր երրորդ գոլն ու հաշիվը դարձրեց 3-1:

Չնայած խաղավերջում հույները խփեցին ևս մեկ գոլ, բայց ավելին անել չկարողացան: Հայաստանի հավաքականը դժվարին, բայց շատ կարևոր հաղթանակ տարավ՝ 2-3:

Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով 3-րդ տեղում է: Հունաստանն իր ակտիվում ունի 4 միավոր և 4-րդ հորիզոնականում է:

Հավելենք, որ լրագրողների կարծիքով, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գևորգ Ղազարյանը:

armsport.am