Աբովյան փողոցում ծաղիկներ վաճառող Ռազմիկ պապիկին հաճախ համեմատում են ծաղկավաճառ Կարաբալայի հետ, որը 20-րդ դարի Երևանի խորհրդանիշներից մեկն էր:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հունիսի 13. Ռազմիկ պապիկն էլ անցորդներին ծաղիկներ է նվիրում՝ մաղթելով նրանց բարություն և սեր: Այդպիսով նա փորձում է երեխաներին լավ հիշողություններ թողնել.

– Երբ երեխաներ են անցնում, ես փնջերի միջից հանում եմ ամենասիրուն վարդերը և նվիրում նրանց: Ուզում եմ, որ երեխաները լավ հիշողություններ ունենան: Էականը այն մի քանի դրամը չէ, որ ես պիտի աշխատեի այդ ծաղիկները վաճառելով,  էականը նրանց հիշողության մեջ ինչ-որ լավ բան թողնելն է,- ասում է բարի դեմքով ծերունին:

Ռազմիկ պապիկի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Արարատի մարզի Մխչյան գյուղ, որտեղ էլ նա ծնվել է: Տարիներ շարունակ հողագործությամբ է զբաղվել: Այսօր արդեն 84 տարեկան է և ջերմոցում ծաղիկներ է աճեցնում: Տարվա բոլոր եղանակներին նրա ջերմոցում ծաղկած ծաղիկներ կտեսնեք, ամեն եղանակի՝ իրեն բնորոշ ծաղիկներ:

Մի քանի ամիս է,  ինչ մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի փոքրիկ հատված Ռազմիկ պապիկը իսկական ծաղկանոցի է վերածել: Ոչ ոք անտարբեր չի անցնում պապիկի և նրա ծաղիկների կողքով. վարդեր են գնում, կանգնում զրուցում են մերօրյա Կարաբալայի հետ, իրենց օգնությունն առաջարկում ծաղկավաճառին: Ռազմիկ պապիկը շատ է սիրում երիտասարդներին, կարծում է, որ այսօրվա երիտասարդությունը համարձակ է ու բարի: Նա ուրախանում է բոլորի հաջողություններով:

– Անցնելիս հարցնում են՝ պապի ջան, ո՞նց ես: Շատ հարգանքով, լավ երիտասարդներ են: Լինում է, որ ինչ-որ մեկն էլ հազարների մեջ վատն է լինում: Առանց դրա չի լինի. թե վատը չլինի, լավը ո՞նց կերևա: Չնայած վատն ավելի շուտ է երևում, քան լավերը:

Ռազմիկ պապիկը մեծ ընտանիք ունի՝ ինը թոռնիկ ու ծոռնիկ: Նրանց համար պապը աշխատասիրության իսկական օրինակ է: Երբեմն էլ նրանց խորհուրդներ է տալիս, պատմում իր ապրած կյանքից.

Թոռներիս խորհուրդ եմ տալիս լինել բարեխիղճ ու ազնիվ: Ամենակարևորը՝ անկեղծ լինեն և երբեք որևէ մեկի վստահությունը չչարաշահեն:

 

Երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը համացանցում տարածեց Ռազմիկ պապի լուսանկարը, շատերը շտապեցին պապիկից վարդեր գնել՝ մտածելով, որ բարի գործ են անում: Նրան համագործակցության առաջարկ արեց 4u.am-ը: Ռազմիկ պապիկի համար այդ «աղմուկը» փոքր-ինչ տարօրինակ էր: Թեև նախկինում էլ իր ծաղիկները գրավում էին անցորդներին, սակայն նման ուշադրություն այդ համեստ մարդը չէր սպասում: Անգամ մի պահ մտածել է այլ տարածք տեղափոխվելու մասին, բայց հետո միտքը փոխել է. ախր իր սիրելի հաճախորդները կանհանգստանան:

Եվ Ռազմիկ պապիկը շարունակում է Աբովյան փողոցում ծաղիկներ վաճառել ու նվիրել մարդկանց, ծաղիկների հետ՝ իր հոգու սերն ու բարությունը: