Ֆեյսբուքյան գրառումից շատերիս հայտնի ծաղկավաճառ Ռազմիկ պապիկն այսուհետ աշխատելու է 4u.am-ում։

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, հունիսի 12. Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր արել ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի մասին։ Գրառումը շատ արագ տարածում գտավ բազմաթիվ սրտացավ մարդկանց շնորհիվ, և պապիկին այսօր շատերն են ճանաչում։

Գրառման մեջ նշվում էր, որ պապիկն Աբովյան փողոցում գտնվող «Մեքս» խանութի դիմաց վարդեր է վաճառում: Օգտատերը խնդրում էր, որ մարդիկ գնեն պապիկի վարդերից, ինչպես ինքն է անում, որպեսզի պապիկը օրվա ավարտին երջանիկ գնա տուն։ Պապիկը մինչև ուշ գիշեր աշխատում էր, որպեսզի կարողանար վաճառել ծաղիկները, սակայն երբեմն էլի գրեթե դատարկ գրպանով էր վերադառնում գյուղ` Մխչյան:

Այսօր տեղեկացանք, որ Ռազմիկ պապիկն արդեն աշխատանք ունի։ Համացանցում տարածված գրառումից տպավորված՝ 4u.am-ի աշխատակցուհին` Ժենյան, Ռազմիկ պապիկին առաջարկել է համագործակցել իրենց հետ։ Նա ուրախությամբ համաձայնել է։ ArmeniaON-ի հետ զրույցում Ժենյան պատմեց, թե ինչպես է որոշել հանդիպել և համագործակցության առաջարկ անել պապիկին։

Գրառումը տեսնելուց հետո ես՝ որպես 4u.am-ի համահիմնադիր և հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, որոշեցի մեկնաբանություն գրել, ապա այցելել պապիկին և առաջարկել համագործակցել մեզ հետ: Շա՜տ ուրախացավ: Խնդրեցի իր հեռախոսահամարը: Ասաց, որ դիմացի մայթին իր հարսիկը նույնպես ծաղիկներ է վաճառում։ Նրանք միասին են գալիս ու գնում: Հարսիկից հեռախոսահամարը վերցրի, որ կապ պահպանենք։ Այսօր արդեն ունեցել ենք պատվերներ: Ասեմ, որ շատ հետաքրքիր է մեր ժողովուրդը. այնպես է ոգևորվելԴա ինձ շատ է ուրախացնում ու ոգեշնչում։

Ժենյան ասաց, որ հեռախոսով կապվում է պապիկի հարսի հետ, տեղեկանում, թե քանի կապ վարդ է մնացել, ինչ երկարության և գույնի։ Դե, իսկ թարմության մասին խոսելն ավելորդ է. ամեն օր պապիկն ու հարսիկը Մխչյանից թարմ վարդեր են բերում Երևան։

Շա՜տ էին ուրախացել, այնպիսի տպավորություն էր, թե օդը չի հերիքում, որ իրենց ուրախությունն արտահայտեն։ Հրաշք էին (ժպտում է)։

Ժենյան այսքան տպավորված է պապիկով ու նրա հարսով, իսկ մենք հիացած ենք աղջկա բարի ու մարդկային քայլով։ Այսուհետ Ռազմիկ պապիկի վարդերը կարող ենք պատվիրել 4u.am-ում։