Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար, ազգային հերոս, հրապարակախոս, հնագետ Մոնթե Մելքոնյանի նպատակը Արցախը անկախ տեսնելն էր: Նրա կյանքի վերջին տարիները պայքար էին հանուն Արցախի անկախության, և իր նպատակին հասնելու համար նա անգամ կյանքը չխնայեց:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հունիսի 12. Մոնթեն կամ Ավոն, ինչպես կոչում էին նրան մարտական ընկերները, շատերի համար «կենդանի լեգենդ» էր, արցախցի կանանց համար «սուրբ» էր, Մոնթեաբերդի մայրերի համար՝ առաջին մարդը, որին պետք էր շնորհակալություն հայտնել թշնամու ռմբակոծության տակ նկուղներում վախից կուչ եկած երեխաներին ազատելու համար:

…Արևմտյան Հայաստանից գաղթած հազարավոր հայ ընտանիքների թվում էր նաև Մոնթեի պապի ընտանիքը: Պապին հաջողվել էր Մարզվանից փախչել Ամերիկայի  Միացյալ Նահանգներ, բնակություն հաստատել այնտեղ և շարունակել Մելքոնյան տոհմը:

1970 թվականի գարունը Մոնթեի համար ճակատագրական եղավ. նա ծնողների հետ ճանապարհ ընկավ դեպի իրենց նախնիների երկիրը: Նրանք հասան Մարզվան և գտան իրենց պապենական տունը: Այդ իրադարձությունը բեկումնային եղավ Մոնթեի կյանքում. տարբեր առիթներով նա նշել է, որ այդ ճամփորդությունը, ավելի քան որևէ այլ բան, առիթ դարձավ, որ իրեն հայ զգա: Մի քանի տարի անց Մոնթեն արդեն խոսում էր հայերեն:

Մոնթեն հայրենիքը հեռվից սիրողներից չէր: Իր ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում նա իր հայրենակիցների կողքին էր, Արցախի ազատագրական պայքարի ամենանվիրյալ մարտիկների շարքում: Մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:

1993թ. հունիսի 12-ի մարտական գործողություններին Մոնթեն առաջին անգամ չէր մասնակցում: Սակայն հենց այդ օրը ճակատագրական եղավ քաջ հայորդու համար: Մարտերից հետո Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ ստուգում էր դիրքերի վիճակը, երբ անսպասելիորեն հանդիպեց հակառակորդի զրահամեքենայի և կարճատև առճակատումից հետո զոհվեց զրահամեքենայի արկի՝ աջ քունքը մխրճված բեկորից:

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:

Մոնթե Մելքոնյանն ապրեց 35 գարուն, բայց եկող սերունդների համար դարձավ հայրենասիրության դասական օրինակ: Մոնթեի մարտական հմտությունների և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դարձել էր անառիկ բերդ, և պատահական չէ, որ այսօր այն անվանում են Մոնթեաբերդ:

Իր հարցազրույցներում Մոնթեն հպարտությամբ ասում էր, որ հայրենիքը պատկանում է իրեն և մնացած բոլոր հայերին: Բոլորն են կրում պատասխանատվություն հայոց հողի համար: Նա համոզված էր, որ Արցախը կորոշի հայության ճակատագիրը.

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:

Տարիների փորձառությունը, անկոտրում կամքը նրան թույլ էին տալիս նախապես պլանավորել սպասվող մարտական գործողությունները, կանխորոշել դրանց ելքը: 1992 թվականի ամռանը, երբ Արցախի ճակատագիրը դեռևս անորոշ էր, Մոնթեն քարտեզի վրա գծում է Արցախի սահմանները՝ ներառելով նաև այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության տակ: Փաստորեն, նա կանխատեսում էր ոչ միայն մարտական գործողության ելքը, այլև պատերազմի…

Մոնթեն կարևորում էր բանակի հզորությունը և համոզված էր, որ միայն իսկական մարտունակ բանակի շնորհիվ մենք կկարողանան ազատագրել Արցախը և հաղթել պատերազմում: Նա համոզված էր, որ նվազ ուժ ունեցողն էլ կարող է հաղթել ուժեղին, եթե ամուր կամք ունի:

Մոնթե Մելքոնյանն իր օրինակով ցույց տվեց, որ «պայքարին մասնակցելու լավագույն ձևը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է»: