Ջերմուկը բացօթյա թանգարան է իր շուրջը փռված լեռներով, հրաշք բնությամբ, պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան վայրերով։

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, հունիսի 13. Ջերմուկ քաղաքի հրաշալիքների մասին շատերը գիտեն։ Քաղաքը հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով:

Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունյաց իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին՝ ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից։ Լողավազանը նրա պատվին կոչել են «Պրիստավի գյոլ»:

Չնայած պատմական հարուստ անցյալին՝ այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։ Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես տեղի բնակչության, այնպես էլ հովեկների հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և զբոսաշրջության զարգացման համար:

Այս գեղեցիկ լեռնային քաղաքը հարուստ է ինչպես բուժիչ ջրերով, այնպես էլ հարուստ ու շքեղ բուսականությամբ։ Տեղի բնակիչներն ամեն տարի գարնանը հավաքում են բույսերն ու չորացնում, որպեսզի ձմռանը թեյի կամ դեղաբույսի մեծ պաշար ունենան։ Նրանց պահոցներից անպակաս են մեղրածաղիկը, ուրցը, մասուրը, այծի խոտը, թթվաշը, ճմբրուկը… Ջերմուկի անտառների սունկը նույնպես տարբերվում է իր համով ու հյութեղությամբ։

Լեռնային այս քաղաքը հայտնի է նաև իր «սարի ծամոնով» (մաստակ):

Այն ստանում են սնձի կաթից։ «Սարի ծամոն» պատրաստելու համար նախ հավաքում են բույսի կաթը, լցնում տարայի մեջ, ավելացնում ջուր և մոտ երկու օր արևի տակ դնելուց հետո քամում են ստացված զանգվածը։ Այնուհետև այն գցում են սառը ջրի մեջ և պահում սառնարանում։ Տեսքից գուցե այնքան էլ հրապուրիչ չէ, մի քիչ էլ դառնահամ է, բայց «սարի ծամոնն» ունի շատ օգտակար հատկություններ։ Շատերը հավանաբար չգիտեն, որ հին ժամանակներում մարդիկ այն օգտագործել են տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Ջերմուկում 1972 թվականից հիմնադրվել և գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը։ Այստեղ ցուցադրված են կերպարվեստի հայ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Արա Հարությունյանի, Կալենց ամուսինների և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները։

Ջերմուկի աննկարագրելի բնությամբ կարելի է զմայլվել նաև ճոպանուղուց։ Քաղաքի սկզբնամասում գտնվող ճոպանուղին կառուցվել է 2007 թվականի աշնանը` ավստրիական «Leitner» կազմակերպության կողմից։

Լուսանկարները՝ hy.wikipedia.org,  lragir.am, visitjermuk.amold.hetq.amecoclub.fpwc.orgqaghaq.am