Ինձ բոլորը ճանաչում են. երբ ավտոբուս եմ նստում, էրեխեքն ասում են` վայ, «կոնֆետ պապիկը»։

ArmeniaON, հունիսի 14. Ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Բալայանն  իր էջում գրել է. «Օրեր առաջ ֆեյսբուքում ծաղկավաճառ պապիկի մասին մի գրառում տարածվեց՝ հուսով եմ շատերդ կարդացել եք։ Խնդրում եմ այս հրաշք մարդու մասին նյութը նույնպես կարդալ ու տարածել։

71-ամյա Կարապետ Իխտարյանն ամեն օր երթևեկում է 37 և 58 համարի ավտոբուսներով, որտեղ իրեն ճանաչում են որպես «Կոնֆետ պապիկ»:

«Ես ինձ լավ եմ զգում մարդկանց կոնֆետ բաժանելուց: Կարա Բալան երբ ծաղիկ էր բաժանում, ինչի՞ էր բաժանում: Այ էդ նույն պատճառով էլ ես եմ բաժանում: Ծաղկից օգուտ չկա, իսկ կոնֆետը սնունդ է»,- ասում է պապիկը:

Նա պատմում է, որ տարիներ առաջ աշխատում էր Ամիրյան փողոցում գտնվող ավտոկայանատեղում: «Հետո էդտեղ կարմիր գծեր քաշեցին, ու ես մնացի առանց գործի, բայց շարունակում եմ ամեն օր նույն տեղը գնալ: Վարորդներին կոնֆետ եմ տալիս, իսկ իրանք ինձ` կոպեկներ: Ես էլ էդ կոպեկներով նորից կոնֆետներ եմ գնում ու նորից բաժանում: Ու էդպես անընդհատ»:


Կարապետ Իխտարյան. « Երբ մի անգամ կողքովս անցնող մի տղամարդ իր աղջկան ասաց՝ մի՛ լացի, մեկ ա փող չունեմ քեզ կոնֆետ առնեմ, սիրտս մղկտաց։ Դա ինձ վրա շատ ազդեց: Դրանից հետո որոշեցի, որ թեկուզ հնարավորություն չունեմ, բայց պետք ա մի բան անեմ, որ մարդիկ օրվա մեջ մի անգամ իրենց լավ զգան: Ես հասկանում եմ, որ կարողա մեծ բան չեմ անում, բայց կարևորը, որ մարդիկ ուրախանում են։

Լինում են դեպքեր, երբ տվածս չեն ուզում վերցնել, ես մի քիչ նեղվում եմ դրանից: Իմ տվածը սրտանց է: Ես օրական մոտ 3 կգ կոնֆետ եմ բաժանում։

Էս մեծ հանրահավաքների օրերին ես անընդհատ դրսում էի, ջահելներն էլ ամբողջ օրը սոված-ծարավ դրսում էին, ես էլ օգնում էի, բռերով հյուրասիրում էի։

Ինձ բոլորը ճանաչում են, երբ ավտոբուս եմ նստում, էրեխեքն ասում են` վայ, «կոնֆետ պապիկը»։ Թեկուզ հիմա չեմ աշխատում, բայց բարի մարդկանց շնորհիվ ամեն օր էստեղ գալս իմաստ ունի, ու կգամ էնքան, ինչքան էդ բարի մարդիկ լինեն»։