«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովի կողմից:

ArmeniaON, հունիսի 14. Առաջարկվող լրացումը վերաբերում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրական եզրակացություն ստացած նախագիշը կքննարկվի լիագումար նիստում:

«Քանի որ այն ինքնին հեղափոխական մոտեցում է, մենք առաջարկում ենք սկզբնական փուլում կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում` հասկանալու, թե ինչպես է այն պրակտիկայում կիրարկվում: Եվ հետագայում, եթե հնարավոր լինի, Կրթության մասին նոր օրենքի շրջանակում սահմանվի նաև բակալավրիատի համար: Կարծում ենք, որ մագիստրատուրայի դեպքում երիտասարդներն արդեն գիտակցված ընտրություն են կատարում: Եթե բակալավրիատի դեպքում ծնողներին, շրջապատին լսելով ընտրել են որոշակի մասնագիտություններ, ապա մագիստրատուրայի դեպքում հասուն տարիքում գիտակցված ընտրություն կանեն: Իսկ եթե ունեն աշխատանք, օրենքի ընդունման դեպքում կստացվի, որ իրենք կարող են փաստացի անվճար սովորել համալսարանում»,- լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
Թեև ՀՀ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին և հիմնավորել էր դա, սակայն խորհրդարանը տվեց դրական եզրակացություն:
«Սակայն մենք խորհրդարանական հանրապետություն ենք, և որոշում է խորհրդարանը: Բնականաբար, անտրամաբանական կլիներ, եթե ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություն ստացած նախագծերին խորհրդարանը նույնպես բացասական եզրակացություն տար»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքով` գլխադասային հանձնաժողովում բոլորն արտահայտել են իրենց կարծիքները, և մեծամասնությունը կողմ է եղել նախագծին, ըստ էության՝ դեմ է արտահայտվել ֆինանսների նախարարության բացասական եզրակացությանը: Արդյունքում նախագիծը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում:

Նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, շեմը պետք է սահմանի կառավարությունը: