Մայրիկների հոգսը թեթևացնելու և բալիկին խնամելու երջանկությունը լիարժեք դարձնելու համար մարդիկ զանազան միջոցներ են գտել: Դրանցից մեկն էլ, այսպես կոչված, «սլինգն» է, որի շնորհիվ երեխան ամուր ու ապահով հպվում է մայրիկին, իսկ մայրիկը կարողանում է ազատ տեղաշարժվել:

 ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

 ArmeniaON, հունիսի 16. Ջուլիետա Քերոբյանը «սլինգներ» է կարում նորաթուխ մայրիկների և նրանց փոքրիկների համար՝ ցանկանալով ավելի հարմարավետ ու ապահով դարձնել նրանց կյանքը։ Այդ մասին նա պատմեց ArmeniaON – ի հետ զրույցում։

«Տուտետա» անվամբ «սլինգներն» արդեն բավական պահանջարկ ունեն, և դրանում հատկապես մեծ դեր է խաղացել Ջուլիետայի «Տուտետա» ֆեյսբուքյան էջը: Ի դեպ, Ջուլիետան այդ անվանումը հենց այնպես չի ընտրել. փոքր հասակում նա հենց այդպես է արտասանել իր անունը։

Ջուլիետան, ինչպես ասում են, օժտված է ձեռքի շնորհքով։ Ստեղծագործելու ջիղը մայրական կողմից է ժառանգել։ Գործելը, կարելը, հելունագործությունը իրենց ընտանիքի առօրյայից անբաժան են եղել: Մի օր էլ որոշեց էկո պայուսակներ կարել և նկարազարդել։ Դրան զուգահեռ սկսեց զարդեր պատրաստել՝ փորձելով տարբեր նյութեր համադրել հելունագործ մասերի հետ: Ամուսինն էլ միշտ քաջալերում էր նրան, նոր գաղափարներ առաջարկում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջի ձևավորմամբ էր զբաղվում:

Մեր բալիկի ծնունդը շատ բան փոխեց: Հասկացա, թե նորաթուխ մայրիկներն ինչպիսի խնդիրների են բախվում: Սակայն այդ խնդիրների հին լուծումներն այլևս արդիական չէին: Պետք էր բացահայտել նրանց պահանջները բավարարելու նոր՝ առավել ժամանակակից եղանակներ: Նորաթուխ մոր առաջին խնդիրը բալիկի համար անվտանգ, ջերմ միջավայր ապահովելն է: Այդ խնդիրը մայրն անձամբ պետք է լուծի, առանց կողմնակի օգնության։ Միակ օգնականն այս հարցում դառնում է «սլինգը», որը արտերկրում լայնորեն կիրառվում է:

Ի դեպ, հայ մայրիկների դեպքում դա կարծես նոր հեծանիվ հորինելու նման մի բան է, քանի որ մեր տատիկները վաղուց են կիրառել այդ գործիքը սովորական շալով. երեխային մեջքին են կապել ու գնացել են իրենց գործին: Բայց վերջին շրջանում այդ ավանդույթը մոռացվել է, և հիմա «ներկրվել» է դրսից:

«Սլինգը» հարմարավետ է դարձնում երեխայի հետ զբոսանքը: Ջուլիետան շատ է սիրում այն պահը, երբ առաջին անգամ «սլինգ» կապող մայրիկը բացականչում է. «Ձեռքերս ազա՜տ են, վերջապես կարող եմ հաց ուտել երկու ձեռքով»:

Ջուլիետայի պատրաստած «սլինգները» տարբեր են, և ամեն մեկն ունի իր առավելությունները: Հաճախորդներին Ջուլիետան անհրաժեշտ խորհուրդներ է տալիս դրանց ընտրության և կիրառման, գործնական հատկությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով հայ կնոջ մտածելակերպը, եղականային պայմանները: Նաև սովորեցնում է, թե ինչպես ճիշտ և անվտանգ կապել «սլինգը». չէ՞ որ դա նախատեսված է մեզ համար ամենաթանկ էակի՝ երեխայի համար: Ի դեպ, Ջուլիետան նաև անվճար խորհրդատվություն է տալիս իր կարած «սլինգի» կիրառման վերաբերյալ:

Մեր երկրում «սլինգ» օգտագործելու վերաբերյալ խորհրդատվական ծառայություն կամ համապատասխան ատեստավորող կազմակերպություն չկա: Ուստի առայժմ հիմնվում եմ կարդացածիս, փորձիս և արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ տեսանյութերից ստացած գիտելիքներիս վրա:

«Սլինգը» բալիկի համար ապահովում է այնպիսի բնական դիրք, ինչպիսին արգանդում է եղել: Բնականաբար, մայրիկի համար էլ դա ամենահարմար դիրքն է: Տարիքին համապատասխան բնական դիրքն անվանում են ֆիզիոլոգիական դիրք: Երեխային իր ֆիզիոլոգիական դիրքում կարելի է կրել շատ երկար՝ մի քանի ժամ:

«Սլինգը» նախատեսված է նաև կրծքով կերակրման համար: Շատ մայրեր են նշում, որ երբ կերակրելուց հետո փորձում են քնած բալիկին տեղափոխել օրորոց, երեխան արթնանում է: «Սլինգն» օգնում է կազմակերպելու այդ գործընթացը՝ ապահովելով մոր ազատ տեղաշարժը: Համաչափ «սլինգներում» («շարֆ» և «շարֆամայ» տեսակները) կտորներն ամրանում են կապողի գոտկատեղում, փռվում են ուսերին ու մեջքին, երեխայի ծանրությունը բաշխվում է ինչպես հղիության ժամանակ՝ չկենտրոնանալով որևէ կետում: Օղակով «սլինգը» համաչափ չէ, այդ պատճառով անհրաժեշտ է այն կապել մե՛րթ մի ուսին, մե՛րթ մյուս՝ ողնաշարը չվնասելու համար:

Ջուլիետայի «սլինգները» բնական կտորներից են, առավելապես բամբակից ու վուշից: Գործվածքների ընտրանին լայն չէ, սակայն Ջուլիետան միշտ հաճույք է ստանում կտոր ընտրելիս: Ունի իր սիրելի գույներն ու համադրությունները:

Ցանկացած տպավորություն ազդում է ստեղծագործելու վրա` բնության տեսարաններ, երաժշտություն, մեդիտացիոն ապրումներ։ Բոլորը միախառնված արտահայտվում են երանգների, նախշերի, համադրման ու նկարազարդման ընտրության մեջ: Մուսա է պետք ամեն գործողության համար: Առանց հաճույքի ստեղծված ոչինչ արժեք չունի: Լինում է, որ ձգվում է գործը: Լինում է՝ մի օրում ավարտում եմ մի քանի օրվա աշխատանքը:

«Սլինգ» կարելիս Ջուլիետան ներդնում է իր հոգու ջերմությունն ու լավագույն ցանկությունները: Նա համոզված է, որ երջանիկ հասարակության հիմքը դրվում է դեռ հղիության ժամանակ և երեխայի ծննդից հետո՝ հատկապես առաջին տարվա ընթացքում: Դրա համար էլ նա ձգտում է կյանքի հենց այդ շրջանում հարմարավետություն և երջանիկ զգացողություններ ապահովել իր հաճախորդների համար: Եվ հենց դա է համարում իր աշխատանքի իմաստն ու նպատակը: