«Նա տեսել է երևի արևային մի քաղաք». Եղիշե Չարենցի բանաստեղծական այս տողը կարելի է համարել Ալեքսանդր Թամանյան ճարտարապետի մեծությունը հավաստող լավագույն գնահատականներից մեկը: Սակայն զարմանալի կարող է թվալ այն փաստը, որ այսօր մեծն ճարտարապետի հատակագծով ստեղծված քաղաքում չկա նրա կյանքն ու գործը սերունդներին ներկայացնող մշակութային օջախ՝ թանգարան:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, հունիսի 18. Ալեքսանդր Թամանյանի թանգարան Երևանն ունեցել է. 2002 թվականի օգոստոսին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը: Այս հարցում մեծ ջանքեր են ներդրել ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը և Յուրի Խոջամիրյանը։

Ալեքսանդր Թամանյանի որդիները՝ Գևորգ և Հուլիոս Թամանյանները, 67 տարի մասունքի պես պահել էին իրենց հոր արխիվի ամեն մի նմուշ։ Եվ միայն այն ժամանակ, երբ Քաղաքաշինության նախարարության բանկետների դահլիճը տրամադրվեց Թամանյանի թանգարան բացելու համար, Թամանյան ընտանիքը բացարձակ արժեք ունեցող նմուշները հանրությանը ցուցադրելու հնարավորություն ստացավ։

Թանգարանի առաջին տնօրենը կրտսեր Ալեքսանդր Թամանյանն էր՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, Արցախի ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների ջոկատի անդամ: Չնայած տրամադրված դահլիճն ամենևին հարմար չէր թանգարանի համար, որովհետև անհրաժեշտ ջերմաստիճան անհնար էր ապահովել, այնուամենայնիվ, այդ տարիներին թանգարանը ոտքի կանգնեց և արժանացավ այցելուների ուշադրությանը։

Թանգարանին դրամական օգնություն էր ցուցաբերում Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ այսօր արդեն լոնդոնաբնակ Գագիկ Թամանյանը, որն այդ տարիներին Ավստրալիայում էր բնակություն հաստատել: Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում ստացած կրթությունը և անգամ այդ մասնագիտությամբ թեկնածուական թեզ պաշտպանելու հանգամանքը չխանգարեցին, որ Գագիկ Թամանյանը զբաղվի իր երկրորդ մասնագիտությամբ՝ երաժշտությամբ։ Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի աշակերտը Ավստրալիայում հիմնում է «Զվարթնոց» երգչախումբը, որը ղեկավարում է 10 տարի։ Երգչախումբը բազմիցս համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր անկյուններում։ Համերգների ողջ հասույթը ուղարկվում էր Հայաստան՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարանին։

«Մի քանի տարի ապրած թանգարանն արդեն 2004 թվականին ուզում էին փակել, բայց չհաջողվեց, և թանգարանը շարունակեց գործունեությունը»,- ասում է այս օրերին Երևանում գտնվող Գագիկ Թամանյանը:

Սակայն 2008 թվականից արդեն սկսել են որոշակի քայլեր ձեռնարկել թանգարանը փակելու ուղղությամբ։

«Ես անհապաղ ժամանեցի Երևան, հանդիպեցի որոշ մարդկանց հետ, բայց մինչև վերջին պահը հստակ չէր՝ կփակեն, թե ոչ։ Հետո կրքերը հանդարտվեցին, և այդ ժամանակ թանգարանը չփակվեց։ Սակայն 2016 թվականին ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը վերջապես փակեց թանգարանը՝ օպտիմալացման անվան տակ։ Զարմանալին այն է, որ ոչ մեկի մտքով չի անցնի Սարյանի թանգարանը միացնել Ազգային պատկերասրահի հետ, չնայած հոյակապ օպտիմալացում կլիներ, կամ, ասենք, Չարենցի թանգարանը միացնել Գրականության և արվեստի թանգարանին, ինչը նույնպես, կարծում եմ, հոյակապ օպտիմալացում կլիներ։ Բայց Թամանյանի թանգարանը՝ հագեցած անգին նմուշներով, ցինիկաբար կարելի էր միացնել Ճարտարապետության թանգարանին՝ մուտքի մոտ թողնելով մեծն վարպետի կիսանդրին»,- վրդովված պատմում է Թամանյանի թոռը և շարունակում․

«Ամոթ այն ազգին, որը չի կարող իր անցյալի փառապանծ գանձերը հավուր պատշաճի պահել և ներկայացնել ապագա սերունդներին։ Ես պնդում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, նախանձի և ատելության վառ օրինակ է»։

Միավորման պարագայում Թամանյանի ժառանգները մտահոգություն ունեն նաև ցուցանմուշների անվտանգության առումով:

«Վերջին կես տարվա ընթացքում թանգարաններից ու պատկերասրահներից կատարված գողության բազմաթիվ դեպքեր են եղել, բացահայտվել են նախկինում կատարվածները։ Օրինակ՝ Ազգային պատկերասրահից 650 նմուշ է կորել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ստալինիզմից և այլ արհավիրքներից փրկված անգին գործերը ենթարկվեն պետական թալանի և հափշտակության։ Երբ Թամանյանի ընտանիքի անդամները կհամոզվեն, որ թալանը բացառված է, միայն այդ ժամանակ կդիտարկենք որոշ գործերի հանձնումը կամ նվիրաբերումը պետական հոգածությանը»։

Այսուհանդերձ, Գագիկ Թամանյանը տրամադրված է պայքարելու նոր շենքում Թամանյանի թանգարանը վերաբացելու համար։

«Մեր ազգի բոլոր երախտավորներն ունեն իրենց առանձին թանգարանները, բացի պապիցս՝ Ալեքսանդր Թամանյանից։ Ես համոզված եմ, որ կգա այն ժամանակը, երբ  այս ոլորտում որոշում կայացնող պետական պաշտոնյաները կհասկանան, որ այդպես չի կարելի վարվել հայ Լեոնարդո դա Վինչիի հիշատակի հետ»։

Լուսանկարները՝ hy.wikipedia.orgirates.amiravunk.com