ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից հանելու մասին:

ArmeniaON, հունիսի 20. Այսպիսի որոշում է ընդունել ՀՀ Ազգային ժողովը՝ 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն առաջարկում էր մասնավորեցման ցանկից հանել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ներկայացված են այդ երկու կազմակերպությունների իրականացրած գործառույթներն ու նշանակությունը.

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցն ունի թե ախտորոշիչ և թե բուժական հնարավորություններ։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը»,– նշել է նախարարը, հավելելով, որ համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձևաչափը»: