ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժմամբ և անմիջապես դիմել բժշկական օգնության: 

ArmeniaON, հունիսի 21. Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը (enterovirus infection)։ Դրանք տարածված են տարբեր երկրներում և վտանգավոր են հատկապես երեխաների համար:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են կղանքաբերանային (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով) մեխանիզմներով: Ամեն ոք կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետևանքով:

Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը: Կարող են դիտվել նաև մրսածության ախտանշաններ:

Վիրուսները, մասնավորապես, Կոկսակի Բ ենթատիպը, կարող են ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով անգամ մահվան: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր են տանում մինչև 1 տարեկանները: Ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունենալու դեպքում երբեմն գրանցվում է անբարեհաջող ելք:

Ուստի՝ ներքոհիշյալ կանոնների պահպանումը կօգնի նվազեցնելու էնտերովիրուսներով հիվանդանալու ռիսկերը:

Վարակից խուսափելու համար անհրաժեշտ է`

  • օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
  • խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված ջուր կամ օգտագործելուց առաջ ջուրը եռացնել,
  • խուսափել վարակիչ, մասնավորապես աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,
  • լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ,
  • լողալիս հնարավորության սահմաններում բացառել ջուր կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,
  • պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից:

Վարակման ռիսկը մեծանում է`

  • կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս,
  • աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս,
  • հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս,
  • փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս,
  • սննդամթերքի պահպանման սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում,
  • ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս, մրգերը, բանջարեղենը և կանաչին հում ջրով լվանալիս,
  • երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս,
  • լողավազաններում լողանալու դեպքում, որտեղ ջուրը չի ենթարկվում պարբերական ախտահանման և որակի հսկողության,
  • լողափի չմշակված հատվածներում լողալիս: