Նժդեհն ասում է` հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնելու իր կողքին: Այդպիսին է եղել Լեոնիդը միշտ իր ջոկատի կողքին, միշտ տղաների հետ:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, հունիսի 21. Հունիսի 21-ը Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է: Նրա կիսանդրու մոտ հավաքվել էին զինակից ընկերները, հարազատները, քաղաքացիներ: Ու թեև մեծ չէր ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակն իրենց ներկայությամբ հարգողների թիվը, Ազգալդյանն այն հերոսն է, հրամանատարը, ընկերը, հայը, որի մասին ինչ էլ ասես, ինչպես էլ ասես, քիչ է թվում:

Այսօր էլ շատ խոսքեր հնչեցին հայրենիքին անմնացորդ նվիրված հերոսի հասցեին, հպարտության ու ափսոսանքի խոսքեր: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խոսքը սրտից էր բխում.

«Երբևիցե մի վայրկյան, մի րոպե չենք մոռացել մեր հրամանատարին: Մենք խոնարհվում ենք նրա հիշատակի առջև։ Իսկապես հերոս է Ազգալդյանը։ Հանուն իր հայրենիքի, հանուն իր ժողովրդի նա կատարեց անհնարինը»։

Ավետիսյանն ափսոսանքով նշեց, որ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար կազմակերպված ստորագրահավաքն առայժմ որևէ արձագանք չի ստացել պատկան մարմինների կողմից։ Անպատասխան է մնացել նաև Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու առաջարկը:

Լեոնիդ Ազգալդյանն այն հերոսն է, որի օրինակով սերունդներ պետք է կրթվեն: Այդ մասին իր ելույթում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Սոնա Աղեկյանը: Նա շնորհավորեց մեր ժողովրդին Լեոնիդ Ազգալդյանի նման հերոս ունենալու համար և կոչ արեց երիտասարդ սերնդին լինել հետևորդը «ոչ թե սիթքոմների ծուռբերան հերոսների, այլ մեր հայրենասեր հրամանատարի», հորդորեց ծանոթանալ նրա անցած դժվարին ուղուն, որը եզակիներն են խիզախում ընտրել։ Երիտասարդ սերնդի մեջ հայրենիքի հանդեպ սեր սերմանելը, Սոնա Աղեկյանի խոսքով, մեր առաջնահերթ գործը պետք է լինի: Իսկ դրա համար անհրաժեշտ է նաև, որ Ազգալդյանի սխրանքների մասին հաճախ խոսվի։

Անհնար է գերագնահատել Լեոնիդ Ազգալդյանի՝ որպես ռազմական առաջատար գործչի դերը, որ նա ունեցավ Արցախյան ազատագրական պայքարում: Արցախյան շարժման սկզբնավորման օրվանից նա մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին՝ հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապելով Արցախի ազատամարտի հետ։ 1990 թվականի փետրվարից Ազգալդյանը եղել է «Անկախության բանակի» հրամանատարը, կազմակերպել է մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին։ Ծրագրել ու իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխարգելումը։

1991 թվականին Ազգալդյանը համահիմնադիրը դարձավ «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպության, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև կյանքի վերջը: Նրա ջոկատում լինելը մի մեծ դպրոց էր, որտեղ թրծվում էին բանակի ապագա սպաները: Կիրթ, մաքուր, կարգապահ, ազգի շահերին անմնացորդ նվիրված զինվորը պետք է դիմանար բոլոր փորձություններին ու հասներ հաղթանակի: Ըստ Լեոնիդի՝ ազգային բանակում պետք է թագավորեն ազգային ռազմական ավանդույթներն ու ազգի հերոսական ոգին։ Դրանք բանակի անպարտելիության գրավականներն են։ Նրա հրամանատարության չորս տարվա ընթացքում զոհվել է ընդամենը 6 զինվոր, իսկ նրա գլխավորած ջոկատը ազատագրել է 27 բնակավայր։

Նժդեհն ասում է` հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնելու իր կողքին: Լինելով նժդեհյան գաղափարախոսության կրող՝ այդպիսին էր նաև Լեոնիդը․ միշտ իր ջոկատի կողքին, միշտ տղաների հետ: 1992 թվականի հենց այս օրը՝ հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ Լեոնիդ Ազգալդյանը զոհ գնաց թշնամու դավադիր գնդակին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։