Այս օրերին շատերս ենք հանդիպել ուշագրավ մի պաստառի հետևյալ գրությամբ․ «Երեւան ջան, անուշիկ, քիչ վերջ կը տեսնուինք, Collectif Medz Bazar»։

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, հունիսի 22. «Collectif Medz Bazar»-ը Հայաստան է գալիս Հայաստանի մանուկների հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով:

Խմբի հայուհի անդամը՝ գեղեցիկ, ներդաշնակ, հաճելի ձայնով, գեղեցիկ անունով աղջիկը՝ Սևանան, ծնվել է Փարիզում։ Հայրը Բեյրութից է, արմատներով՝ Արևմտյան Հայաստանից: Մայրը ծնվել է Պարսկաստանում՝ Թեհրանում, նրա ծնողներն էլ Արցախից, Իզմիրից և Պարսկահայքից են եղել։ Եվ չնայած այս լայն աշխարհագրությանը՝ Սևանայի մեջ հայի ուժեղ ու տաղանդավոր գենն է խոսում։

Ավարտելով դաշնամուրի բաժինը Փարիզի կոնսերվատորիայում և դասական վոկալի բաժինը Սորբոնի համալսարանում՝ զուգահեռ սովորել է նաև Տնտեսագիտական համալսարանի մշակույթի կառավարում բաժնում։ Սևանայի կյանքում այս երկու մասնագիտությունները կողք կողքի են:

Մի քանի տարի առաջ Երևանում հիմնական բնակություն հաստատած Սևանան ուրախությամբ է խոսում այդ մասին.

«Վերադարձս Հայաստան շատ պատահական ստացվեց։ 2012-2013 թվականներին, երբ աշխատում էի Փարիզի մի մեծ երաժշտական կառույցում` ֆիլհարմոնիկում (Cite de la musique), հանդիպեցի մի անգլիացու, որն ինձ պատմեց հայաստանյան մի հետաքրքիր նախագծի մասին: Բոստոնահայ մի աղջիկ որոշել էր երիտասարդ երաժիշտների ուժերով նվագախումբ ստեղծել։ Շուտով մենք ծանոթացանք, և ես եկա Հայաստան։ 2013-ի ամռանն արդեն սկսեցի աշխատել։ Թե՛ թարգմանում էի, թե՛ կոորդինացնում աշխատանքը և թե՛ նվագում։ Առաջին իսկ օրվանից Հայաստանին սիրահարվեցի։ Այստեղ ամեն ինչ հայկական է, ամեն ինչ հարազատ։ Ինձ գրավեց մի բան, որ չկա Փարիզում. Հայաստանում շատ արագ և հեշտ կարելի է իրագործել ցանկացած գաղափար»:

Շուտով Սևանան Հայաստանում սկսում է աշխատել երաժշտական կրթության ոլորտում։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծել է մեթոդիկա, որը կոչվում է «Ծափ-ծափիկ»։ Մեթոդիկայի հիմնական նպատակը Հայաստանի մանկապարտեզներում, նախակրթարաններում երեխաներին խաղերի միջոցով լավ, որակյալ, ճիշտ երաժշտություն սովորեցնելն է, որպեսզի նրանց առաջին քայլերը դեպի այդ հեքիաթային աշխարհ լինեն գրագետ ու գեղեցիկ։ Մեթոդիկան ստեղծել է ռիթմի, ունկնդրման, իմպրովիզացիայի, երգի, խաղերի միաձուլման միջոցով՝ ներշնչվելով աշխարհի տարբեր ճանաչված մանկավարժների աշխատանքներից։

Սեպտեմբերին լույս կտեսնի «Ծափ-ծափիկ» մանկավարժական նախադպրոցական ուղեցույցը, նաև ձայնասկավառակ, որում ներառված են 30-ից ավելի ժողովրդական և հեղինակային երգեր։ Սևանան համոզված է, որ սա մի առիթ է, որ Հայաստանում և սփյուռքում ապրող երեխաները կարողանան լսել որակյալ երաժշտություն և, որ պակաս կարևոր չէ, հայերեն խոսք։

Այս օրերին Երևանում շատերս ենք հանդիպել ուշագրավ մի պաստառի՝ հետևյալ գրությամբ. «Երեւան ջան, անուշիկ, քիչ վերջ կը տեսնուինք, Collectif Medz Bazar»։ Երկրպագուների բանակն անհամբեր սպասում է այդ հանդիպմանը։

««Կոլեկտիվ Մեծ բազար» խումբը կազմավորվել է 2012-ին Փարիզում, միանգամայն պատահականորեն։ Պիտի մի քանի երգ նվագեինք մի միջոցառման ժամանակ։ Մեզ մշակութային կենտրոնից հրավիրել էին, որ մի քանի լեզվով գեղեցկացնեինք միջոցառումը։ Միջոցառումը շատ լավ անցավ։ Այդ ժամանակ տասն էինք։ Աստիճանաբար մնացինք վեց հոգով։ Խմբի անվան գաղափարը հուշել է մեր խմբի հիմնադիրանդամներից Րաֆֆին։ Կոլեկտիվ, ասել է թե՝ հավաքական, մեծ բազար՝ շուկա, որն ունեցել ենք Երևանում, Հալեպում, Պոլիսում, Լիբանանում, Պարսկաստանում, որտեղ կան տարբեր համեմունքներ, գույներ, հոտեր, համեր, այնպես, ինչպես մենք ենք տարբեր: Րաֆֆու գաղափարը բոլորիս շատ դուր եկավ և ընդունվեց միաձայն»։

Երգերի ընտրության հարցում ոչ մի սահմանափակում չկա. եթե սիրում են երգը, երգում են։ Նվագարանները նույնպես բազմազան են, նվագում են ամենատարբեր գործիքներ՝ սկսած հայկական շվիից մինչև աֆրիկյան կալիմբա։ Ցանկացած դեպքում հետևում են իրենց սրտի թելադրանքին։

«Մեծ Բազարի» երաժիշտները երգում են իրենց հեղինակային երգերը, միևնույն ժամանակ ոգեշնչված են ֆոլկ երաժշտությամբ։ Տարբեր երկրներից տարբեր ծագումով երաժիշտներ կան խմբում՝ ֆրանսիացի, ամերիկացի, թուրք և հայ։ Հետևաբար հենց այդ լեզուներով էլ երգում են: Այս պահին գերակշռում են հեղինակային երգերը, թեև հաճախ խառնում են ոճերը՝ ֆոլկ, հիփ-հոփ, ջազ, ֆրանսիական շանսոն։

Սեպտեմբերի 26-ին Փարիզի «New morning» ակումբում տեղի կունենա «Մեծ բազարի» նոր ձայնասկավառակի շնորհանդեսը։

Այժմ Սևանան վերադարձել է երաժշտության կառավարմանը՝ մենեջմենթին։ Ունի բազում հետաքրքիր գաղափարներ։ Հիմնել է «Դայլ” Այլ փրոդաքշնը», որի առաջնահերթ նպատակը հայկական երաժշտությունը միջազգային շուկա արտահանելն է:

«Ցանկությունս այն է, որ հայ երաժիշտը հնարավորություն ունենա դուրս գալու երկրից, նվագելու տարբեր փառատոններում, աշխարհի տարբեր դահլիճներում: Սա բավական դժվար է, բարդ ու աշխատատար, բայց ես այդ «չելենջը» շատ եմ սիրում։ Նման բան չկա Հայաստանում։ Ինձ համար այս նախագիծը շատ կարևոր է, քանի որ մենք Հայաստանում ունենք շատ տաղանդավոր երաժիշտներ։ Դրսից եկած հյուրերին միշտ զարմացնում են մեր տաղանդի, մեր գործիքների, մեր ազգային նվագարանների ձայները։ Դժբախտաբար, այդ մասին դրսում ոչ ոք չի իմանում։ Եվ դրա համար ես որոշեցի զբաղվել այս գործով՝ ներկայացնելով հայ տաղանդերին համաշխարհային երաժշտության մեջ։ Դրսում գրեթե բոլորը գիտեն դուդուկը և Ջիվան Գասպարյանին, բայց սահմանափակվում ենք այդքանով։ Իսկ մեր երկրում շատ-շատ են տաղանդավոր երաժիշտները։ Ուղղակի ճիշտ կառավարում է անհրաժեշտ։ Ես հենց դա եմ ուզում զարգացնել Հայաստանում։ Եվ հետագայում էլ, ինչո՞ւ չէ, դրսից էլ մարդիկ կգան Հայաստան՝ այստեղ վայելելու մեր երաժշտությունը։ Սա իմ մեծ նպատակներից մեկն է»։

Հայկական ժողովրդական երգ՝ ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ