Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ու դաշնակահար Ստեփան Շաքարյանը:

ԱՆԺԵԼԱ ՕՐԴՅԱՆ

ArmeniaON, հունիսի 22. Նա համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Հենց նրա հեղինակած երաժշտությունն է հնչել մեզ հայտնի «Պինգվինաշեն», «Հայելու հեքիաթը», «Անհաղթը» մուլտֆիլմերում:

Շաքարյանը հեղինակել է ջազային ավելի քան 100 կոմպոզիցիա, մշակել հայկական ժողովրդական երգեր: «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ:

Անվանի կոմպոզիտորը ծնվել է Բաքվում` 1935 թվականի հոկտեմբերի 23-ին։ Երաժշտության նկատմամբ անտարբեր չէր դեռ մանուկ հասակից: Պատմում էր, թե ինչպես էր մանկապարտեզում քնելու փոխարեն երաժշտական սենյակ գնում, որտեղ դաշնամուր կար, և այնտեղ հորինում, փնտրում նոր ձայներ:

Երևան տեղափոխվելուց երկու տարի անց` 1954 թվականին, ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Եղել է հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտը: Վերջինս նկատել է երիտասարդի տաղանդը հենց առաջին հանդիպման ժամանակ:

Երբ Շաքարյանը սկսել է նվագել, Խաչատրյանն ասել է՝ «Ահա այսպիսի աշակերտ եմ ուզում ունենալ», ապա առաջարկել է նրան տեղափոխվել Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա:

«Նա երկու սիրտ ունի` մեկը սովորական, մյուսը` ջազային»,- այսպես է նրան բնութագրել Արամ Խաչատրյանը:

Շաքարյանը մեծ նշանակություն էր տալիս ինքնակրթությանը. «Իմ ամենակարևոր` սիմվոլիկ ուսուցիչը Բեթհովենն է. այն, ինչը վերջինս իր երաժշտությամբ քարոզում էր, դարձավ իմ համոզմունքը, իմ հավատքը: Նրա ստեղծագործությունների շնորհիվ եմ դարձել այն, ինչ այսօր կամ»,- ասել է Շաքարյանը:

Ուսումն ավարտելուց հետո՝ 1964 թվականին նա վերադարձել է Երևան և սկսել երաժշտական ու կազմակերպչական ակտիվ գործունեությամբ զբաղվել: 1960-ականներին ստեղծել է Երևանի մշակույթի պալատին կից «Պատանեկություն» խումբը:

2009 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017-ին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: